«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթ
Իրավունք
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինն ուսումնասիրել է պետական սեփականություն հանդիսացած «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի օտարման գործընթացը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականին ընկերության 100% բաժնեմասն անցել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության։ Ընկերությանը պատկանել է «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը, որը 1999 թվականին ձեռք էր բերվել 282 մլն 452 հազար դրամով։ Ներկայումս շուկայի տարածքում գործում է «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնը։
Դատախազության տվյալներով՝ 2004 թվականի հունիսի 10-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի ամբողջ բաժնեմասն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձի՝ 303 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 160 մլն 562 հազար 730 դրամով։ Ընդ որում՝ վաճառքն իրականացնելուց առաջ սահմանված կարգով գնահատում չի կատարվել։
Մինչդեռ որոշման ընդունումից շուրջ յոթ ամիս առաջ՝ կատարողական վարույթի շրջանակում, ընկերության բաժնեմասը գնահատվել էր 306 մլն 346 հազար 630 դրամ։ Այդ գնահատման մասին հայտնի է եղել նաև որոշման նախագծի քննարկման ընթացքում։
Բացի այդ, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն առաջարկել էր բաժնեմասն ուղղակի վաճառքի փոխարեն օտարել աճուրդով, սակայն առաջարկը չի ընդունվել։
2004 թվականի հուլիսի 14-ին բաժնեմասն օտարվել է 303 հազար ԱՄՆ դոլարով՝ գնահատված արժեքից 145 մլն 783 հազար 900 դրամով պակաս։
Դատախազությունը առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել և հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միաժամանակ Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից