BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը
Սպորտ
Ֆուտբոլի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ BBC Sport-ը հարցում է անցկացրել ֆուտբոլային փորձագետների շրջանում՝ պարզելու, թե նրանցից ով է արժանի ստանալու հեղինակավոր մրցանակը։
Հավակնորդների թվում են Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, Անգլիայի հավաքականի ավագ և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ինչպես նաև այլ ֆուտբոլիստներ։
Եվրոպական ֆուտբոլի փորձագետ Գիյեմ Բալագեն կարծում է, որ մրցանակը կստանա Յամալը։ Նրա խոսքով՝ իսպանացին աչքի է ընկել անհատական խաղով և թիմային հաջողություններով, իսկ նրա խաղաոճն ու հեղինակությունը նրան դարձնում են գլխավոր հավակնորդներից մեկը։
Սակայն BBC-ի մի շարք փորձագետներ նախապատվությունը տվել են Կվարացխելիային։ Ջուլիեն Լորանսի գնահատմամբ՝ վրացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույններից էր, հատկապես Չեմպիոնների լիգայում, որտեղ կարևոր դեր է ունեցել ՊՍԺ-ի հաջողություններում։ Լորանսը կարծում է, որ Կվարացխելիան արժանի է մրցանակին, թեև այն, հավանաբար, կստանա Յամալը։
Նման կարծիք է հայտնել նաև լրագրող Ռորի Սմիթը՝ ընդգծելով, որ Կվարացխելիան երկար ժամանակ Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենատպավորիչ խաղացողներից է։ Սթիվեն Ուորնոքը ևս նշել է վրացի ֆուտբոլիստին որպես իր անձնական ընտրություն։
Մյուս փորձագետները նախապատվությունը տվել են Հարի Քեյնին։ Անգլիայի նախկին հարձակվող Ալան Շիրերը և նախկին կիսապաշտպան Դենի Մերֆին կարծում են, որ Քեյնն արժանի է մրցանակին՝ «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում ունեցած արդյունավետ խաղի շնորհիվ։
Անդրոս Թաունսենդը ևս Քեյնին է համարում արժանի հաղթող՝ նշելով նրա 73 գոլը 65 խաղում, Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթանակները, ինչպես նաև աշխարհի առաջնությունում խփած վեց գոլը։
Փորձագետների կարծիքները, այսպիսով, բաժանվել են երեք հիմնական թեկնածուների՝ Յամալի, Քեյնի և Կվարացխելիայի միջև։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից