Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել
Հասարակություն
Հայաստանը պետք է գոյություն ունենա իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, այլ ոչ թե, այսպես կոչված, պատմական մեկնաբանությունների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ «Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակի» շրջանակում անցկացված նիստի ժամանակ։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է մտահոգված լինել Հայաստանի հասարակությունում, իր գնահատմամբ, ռևանշիզմի դրսևորումներով։
«Մենք դեռ մտահոգված ենք հայ հասարակությունում ռևանշիզմի դրսևորումներով։ Միաժամանակ տեսնում ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը խթանում է «Իրական Հայաստան» հայեցակարգը։ Մենք դա հաշվի ենք առնում և կարծում ենք, որ Հայաստանը պետք է գոյություն ունենա ոչ թե ճշմարտությանը չհամապատասխանող որոշակի պատմական մեկնաբանությունների հիման վրա, այլ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,– ասել է նա։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է՝ հայ հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, որոնք ներողություն կխնդրեն Ադրբեջանի ժողովրդից։
«Խաղաղության վերաբերյալ նախնական համաձայնություններն արդեն ձեռք են բերվել։ Սակայն ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի, մասնավորապես՝ իր հողից վտարված, 30 տարի որպես փախստական կամ բռնի տեղահանված ապրած, էթնիկ զտման ենթարկված անձ, ակնկալում է Հայաստանի կողմից ներողություն։ Անկասկած, սա պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղության կառուցման ընդարձակ գործընթացի մի մասը»,– նշել է Հաջիևը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից