«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համար
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել և հիմնավորվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակը 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել կենտրոնում շուրջօրյա խնամք ստացող՝ 2012 թվականին ծնված անչափահաս սանին։
Քննությամբ պարզվել է, որ դաստիարակը, անչափահասին քնի ժամին միջանցքում նկատելով, հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ երկար ժամանակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին։
Դրա հետևանքով անչափահասին պատճառվել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Հսկող դատախազի որոշմամբ՝ դաստիարակի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որն ավելի ուշ փոխարինվել է տնային կալանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից