Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան
Իրավունք
Տավուշի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Աչաջուր համայնքում գտնվող 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և գույքը համայնքին վերադարձնելու պահանջով։
Դատախազության հաղորդմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին ներկայացված հայցն ընդդեմ «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության և ֆիզիկական անձի՝ վերաբերում է Աչաջուրի համայնքապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող մարզադահլիճին։
Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 20-ին հայցն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով նշված գույքն օտարել կամ գրավադրել։
Պետական շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ․Գ․-ն, միաժամանակ հանդիսանալով «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի նախագահը, 2005 թվականի դեկտեմբերին համայնքային սեփականություն հանդիսացող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճն անհատույց փոխանցել է իր հիմնադրած և ղեկավարած կազմակերպությանը։
Ըստ դատախազության՝ գույքը փոխանցվել է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջների խախտմամբ։ Այնուհետև մարզադահլիճից առանձնացված՝ 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարվել են երրորդ անձի։
Դատախազության հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, և 296-րդ հոդվածի 1-ին մասով՝ փողերի լվացման հատկանիշներով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից