Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերը
Սպորտ
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Չինաստանի սոցիալական ցանցերում իր հասցեին քննադատությունների ալիքի ֆոնին։ Մի շարք չինական խոշոր ընկերություններ դադարեցրել են համագործակցությունը Մադրիդի «Ռեալի» հարձակվողի հետ՝ նրա՝ Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին վերաբերող ենթադրյալ արտահայտությունների շուրջ առաջացած դժգոհությունից հետո։
Ըստ համացանցում տարածված, սակայն չհաստատված տեսանյութերի՝ Մբապեն ֆրանսիական The Bridge թոք-շոուի ընթացքում պատմել է իր ամենազվարճալի մեմերից մեկի մասին։ Նրա խոսքով՝ դա տեսանյութ է, որտեղ պատկերված է, իր կարծիքով, չինացի բռնապետը, իսկ մեմում Մբապեի դեմքը համադրված է Մաո Ցզեդունին նմանվող կերպարի պատկերին։
Ֆուտբոլիստը Մաոյի անունը չի նշել։ Տեսանյութի սկզբնական տարբերակն այլևս հասանելի չէ հաղորդման YouTube-յան ալիքում, սակայն դրա սքրինշոթերը տարածվել են չինական սոցիալական ցանցերում։ Մբապեն և հաղորդման հեղինակները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ իրենք հետևել են համապատասխան հաղորդումներին՝ հավելելով, որ չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորող խոսքերն ու գործողությունները բնականաբար կհանդիպեն հասարակության տարբեր շրջանակների հակազդեցությանը։
Չինական ֆուտբոլային Dongqiudi հարթակը Մբապեի ենթադրյալ արտահայտությունները որակել է որպես անպատշաճ և վիրավորական։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր քննադատել են ֆուտբոլիստին՝ նշելով, որ նա օգտվում է չինական շուկայում իր ժողովրդականությունից, մինչդեռ նրա խոսքերը վիրավորում են տեղի հանրությանը։
Մբապեի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել են Չինաստանի խոշորագույն կաթնամթերք արտադրող Mengniu ընկերությունն ու Dongpeng ըմպելիքների արտադրողը։ Ընկերությունները կոնկրետ չեն նշել պայմանագրերի խզման պատճառը՝ հայտարարելով, որ դեմ են չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորող ցանկացած խոսքի կամ վարքագծի։
Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն նույնպես կասեցնում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ Լա Լիգայի հանդիպումների հեռարձակումը, հայտնում է չինական The Paper լրատվամիջոցը։ Պետական Global Times թերթի փոխանցմամբ՝ CCTV-ի նորությունների հավելվածներում այլևս չեն հրապարակվում Մբապեին վերաբերող նյութեր։
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր հարցադրում են անում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորական եղել, քանի որ ընկերությունները պայմանագրերը դադարեցնելու հայտարարություններում չեն հիշատակել վիճահարույց տեսանյութը։
Մաո Ցզեդունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիրն էր և ղեկավարել է երկիրը մինչև 1976 թվականը։ Նրա կառավարման տարիներին իրականացված քաղաքական արշավները, այդ թվում՝ «Մեծ թռիչքը» և «Մշակութային հեղափոխությունը», հանգեցրել են զանգվածային տառապանքների և միլիոնավոր մարդկանց մահվան։ Չնայած այդ ժառանգությանը՝ Մաոն շարունակում է կարևոր խորհրդանիշ մնալ Չինաստանի կոմունիստական կուսակցության համար։
Մբապեն, որը 2024 թվականի օգոստոսին նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալում», ֆուտբոլային միջավայրում երբեմն ստացել է «բռնապետ» մականունը՝ ակումբային և ազգային հավաքականի կյանքում ունեցած ազդեցության պատճառով։ Ֆուտբոլիստի շուրջ տարածվել են նաև նման թեմայով բազմաթիվ մեմեր։
2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Ֆրանսիայի հավաքականի նրա խաղընկեր Ուսման Դեմբելեն Մբապեին կատակով անվանել էր «Մոբուտ»՝ ակնարկելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին առաջնորդ Մոբուտու Սեսե Սեկոյին։
Մբապեն դեռևս չի արձագանքել Չինաստանում ծավալվող սկանդալին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից