France Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»
Սպորտ
Ֆրանսիական France Football ամսագրի գլխավոր խմբագիր և «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ղեկավար Վենսան Գարսիան ներկայացրել է իր տեսակետը, թե ինչու Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի արժանացել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
«Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով 19-ամյա իսպանացին զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ մրցանակը ստացել է Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։
Գարսիայի կարծիքով՝ արդյունքի վրա կարող էր ազդել իսպանացի ֆուտբոլիստների միջև ձայների բաժանումը։ Նրա ենթադրությամբ՝ աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի խաղացողների օգտին քվեարկելիս ձայները կարող էին բաժանվել Յամալի և Ռոդրիի միջև։
«Իսպանացի խաղացողների քվեարկության արդյունքները որոշ չափով անորոշ էին, իսկ աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը հանդես էր գալիս որպես միասնական թիմ։ Հետևաբար, դժվար էր առանձնացնել որևէ անհատական նվաճում»,- Գարսիայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Նա նաև նշել է, որ Յամալը աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ գոլ է խփել և մրցաշարը սկսել է վնասվածքով, ինչը կարող էր բարդացնել ժյուրիի անդամների ընտրությունը։
Անդրադառնալով Հարի Քեյնի հաղթանակին՝ Գարսիան ընդգծել է անգլիացի հարձակվողի գոլային արդյունավետությունն ու խաղային որակների համադրությունը։
«Ժյուրին, հավանաբար, զգաց, որ նա բոլոր թեկնածուների մեջ ցուցաբերեց որակների լավագույն համադրությունը»,- նշել է France Football-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից