Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
Աշխարհ
Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադար է սկսվել, որը պետք է հնարավորություն տա մարդասիրական օգնություն հասցնել բնակիչներին և կազմակերպել խաղաղ բնակչության տարհանումը։ Այս մասին հայտնում են ուկրաինական պաշտոնյաներն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հրադադարը, որի հաստատման գործում, ըստ Սպիտակ տան, միջնորդել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, նախատեսված է մինչև նոյեմբերի 1-ի տեղական ժամանակով ժամը 23։59-ը։ Տարհանման գործողությունը նախատեսվում է իրականացնել ուրբաթ օրը։
Օլեշկիի բնակիչները ամիսներ շարունակ բախվում են ծայրահեղ ծանր պայմանների։ Քաղաքում երեք տարի է՝ էլեկտրականություն, գազ և ջուր չկա, խանութները չեն գործում, իսկ սննդի և դեղորայքի մատակարարումը խիստ դժվարացել է։ Որոշ բնակիչներ գոյատևելու համար ստիպված են եղել այգիներում աճող մոլախոտեր եփել։
Կիևի գնահատմամբ՝ Օլեշկիում և հարակից տարածքներում դեռևս մինչև 6 հազար մարդ է մնացել, այդ թվում՝ շուրջ 200 երեխա։ Նրանցից մոտ 1700-ը բնակվում են հենց քաղաքում։ Մինչև պատերազմը Օլեշկին ուներ շուրջ 24 հազար բնակիչ, իսկ ռուսական ուժերն այն գրավել են 2022 թվականի փետրվարին՝ լայնածավալ ներխուժման առաջին օրերին։
Բնակիչների դուրսբերումը վտանգավոր է․ քաղաքից տանող ճանապարհները ականապատված են, իսկ դրանց վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների վտանգ կա։ Բնակիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ ականի վրա է ոտք դրել և այժմ հիվանդանոցում է՝ երկու վիրահատություն անցնելուց հետո։ Նա մտահոգված է, որ չի կարողանա մասնակցել տարհանմանը։
Միևնույն ժամանակ, տարհանման մանրամասների մի մասը դեռ հստակ չէ։ Բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց կարող են թույլ չտալ վերադառնալ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, իսկ նրանց հեռախոսների և առցանց ակտիվության ստուգումը կարող է հանգեցնել հետապնդումների։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ականազերծվող ճանապարհները կարող են խաղաղ բնակիչներին ուղղորդել դեպի Ռուսաստանի տարածք։ Նա, սակայն, նշել է, որ որոշ բնակիչներ այս կամ այն կերպ կհասնեն Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր զորքերը սկսել են ինժեներական հետախուզություն իրականացնել և մաքրել դեպի բնակավայր տանող հիմնական ճանապարհները պայթուցիկ սարքերից ու ծուղակներից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ տարհանման երթուղիների, ժամերի և վայրերի վերաբերյալ։
Հրադադարի պահպանումը դեռևս մտահոգություններ է առաջացնում։ Օլեշկիի բնակիչներից մեկը BBC-ին ասել է, որ չի հավատում Ռուսաստանի մարդասիրությանը։ Քաղաքում տիրող իրավիճակի մասին տեղեկությունների անկախ ստուգումն էլ դժվարանում է կապի խափանումների և բնակիչների՝ հնարավոր հետապնդումներից ունեցած վախի պատճառով։
Օլեշկիում մարդասիրական իրավիճակի հարցը բարձրացրել էր նաև Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ անելով թույլատրել սննդի և բժշկական օգնության մուտքը քաղաք, ինչպես նաև ապահովել բնակիչների անվտանգ տարհանումը։
Մինչ Օլեշկիում հրադադար է գործում, Ուկրաինայի այլ շրջաններում հարձակումները շարունակվում են։ Երկուշաբթի երեկոյան Կիևի ուղղությամբ հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։ Ռուսաստանում՝ Բրյանսկում, ուկրաինական անօդաչու սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից