Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Քաղաքական
Euromedia24-ի տեղեկություններով՝ Ռուսաստանն ու Հայաստանը մոտ ժամանակներս կփոխեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կավարտեն իրենց առաքելություններն ու կվերադառնան հայրենիք։
Euromedia24-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը կգլխավորի Ալեքսանդր Ստերնիկը, իսկ Հայաստանը Մոսկվայում կներկայացնի Սամվել Մկրտչյանը։ Նշանակումների մասին պաշտոնական հայտարարություն Է սպասվում։
Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը գլխավորում է 2018 թվականից։ Նրա հետևողական աշխատանքն ընդհանուր առմամբ դրական է գնահատվում հասարակական, քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ Դիվանագետն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, հավասարակշռվածությամբ և կառուցողական երկխոսություն ձևավորելու հմտությամբ։
Նրան փոխարինող Ալեքսանդր Ստերնիկը պրոֆեսիոնալ դիվանագետ է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատանքի բազմամյա փորձով։ Նա ղեկավարում է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտը, որը պատասխանատու է Կենտրոնական Ասիայի պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ հարաբերությունների համար։
Սամվել Մկրտչյանը, որը կփոխարինի Գուրգեն Արսենյանին, կարիերային դիվանագետ է։ Նախկինում նա զբաղեցրել է Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը, ղեկավարել ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչությունը և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունը։
Դեսպանների փոխադարձ փոփոխությունը տեղի է ունենում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների համար զգայուն ժամանակաշրջանում։ Դիվանագիտական առաքելությունների նոր ղեկավարների առջև դրված կլինի բովանդակային երկխոսությունը պահպանելու, տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ աշխատելու և երկու երկրների միջև գործնական համագործակցությունը զարգացնելու խնդիրը։ Գործող դեսպանների առաքելությունների ավարտի և նոր դեսպանների պաշտոնավարման մեկնարկի ժամկետները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից