10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ Երևանում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին Երևանում խոշոր չափի բնակարանային գողություն է տեղի ունեցել։ Ժամը 10։10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 16/3 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մինա Նուրմոհամմադ Խալեդին հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 19։00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են իրենց բնակարանի մուտքի դուռը և ներսից հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր։ Պատճառված վնասը գնահատվում է շուրջ 55 հազար դոլար։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կազմակերպել և դրան օժանդակել է Սյունիքի մարզի 31-ամյա բնակիչ Գրիշա Հ․-ն, իսկ գողությունն իրականացրել է նույն մարզի 28-ամյա բնակիչ Գեղամ Մ․-ն։
Նույն օրը Գրիշա Հ․-ն գողությունը կազմակերպելու և դրան օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քաղաքի վարչություն։
Քրեական ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Գեղամ Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից