Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվում
Աշխարհ
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է։ Նախնական տվյալներով՝ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն չի ստացել Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ մանդատները։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 մանդատ։
Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ «Յաշար» կուսակցության մասնակցությամբ, ըստ նախնական տվյալների, կստանա 48 մանդատ։ Արաբական երկու կուսակցություններին բաժին կհասնի մնացած 19 մանդատը, ինչը պատմական արդյունք է համարվում նրանց համար։
Այսպիսով՝ քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։
Ե՛վ Նեթանյահուն, և՛ Այզենկոտը հայտարարել են, որ փորձելու են իշխող կոալիցիա կազմել։
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական խմբակցությունների հետ և կառավարություն ձևավորելու առաջարկ կանի այն առաջնորդին, որն, իր գնահատմամբ, կոալիցիա կազմելու առավել մեծ հնարավորություններ կունենա։
Գործընթացը կարող է շաբաթներ տևել։ Եթե որևէ առաջնորդի չհաջողվի ձևավորել կառավարություն, Իսրայելում կարող են նշանակվել նոր խորհրդարանական ընտրություններ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից