«Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրան
Իրավունք
«Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել են անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։
Մասնավորապես, ըստ նախաքննության տվյալների՝ 2026 թվականի օգոստոսի 1-ին Ա.Բ.-ն իր վարած «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով, մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ։
Այնտեղ, անտեսելով այն հանգամանքը, որ աշխատակիցը սպասարկում էր մեկ այլ հաճախորդի, նա, ըստ իրավապահների, խուլիգանական դրդումներով անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել իրեն արտահերթ սպասարկել՝ հակառակ դեպքում սպառնալով վնասել աշխատակցի առողջությունը։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ա.Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով հոգեկան ներգործություն կատարելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից