Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակը
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 28-ի երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Աճառյան փողոցում գործող «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում։ Դեպքի ժամանակ օդաճնշիչ ատրճանակից կրակոց է արձակվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները 4 անձի՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Ավանի բաժին։
Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ՝ ռեստորանի առանձնացված սրահներից մեկում, այնուհետև վերածվել ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ օդաճնշիչ ատրճանակից կրակոց է արձակվել։ Տուժածներ չկան, սակայն մասնակիցներից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ապա տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են քարեր, կոտրված շշեր և վնասված գույք։ Ռեստորանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա՝ արնանման հետքերով։ Ավելի ուշ հայտնաբերվել է նաև «BMW» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ փայտե մահակ է եղել։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում դեպքի վայրից հեռացած անձանց ինքնությունը պարզելու և օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից