Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան
Արտաքին Քաղաքական
Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը։
Միջոցառումը կազմակերպվել է Festival della Diplomazia-ի շրջանակում։ Քննարկմանը ներկա են եղել Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իտալիայում ՀՀ դեսպանությանը, քննարկման հիմնական թեմաներն էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների հեռանկարները։
Իր ելույթում Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։
Դեսպանի խոսքով՝ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանմանն ուղղված ջանքերը։
Կարապետյանը նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդման նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ձեռք բերված խաղաղության ամրապնդմանը։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից