Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին։ Քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։
Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանն ու նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։
Հանդիպման առանցքային թեմաներից են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը, բարձրագույն կրթության կազմակերպման և ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգերի նախագծերը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների հիմքում պետք է լինեն նվազագույն վարչարարությունը, պարզ ընթացակարգերը, թվայնացումն ու ուսանողակենտրոնությունը։ Նա ռեկտորներին հորդորել է ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ հանրային քննարկման ներկայացված նախագծերի վերաբերյալ։
Անդրադառնալով կրթաթոշակների նոր համակարգին՝ նախարարը նշել է, որ դրա նպատակներից է բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումը, հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողների համար։ Նախատեսվում է, որ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան ուսումնառության հենց սկզբից։ Հետագայում դրա տրամադրումը կպայմանավորվի նաև ուսանողի առաջադիմությամբ։
Քննարկվել են նաև ակադեմիական գերազանցության խրախուսման մեխանիզմները և բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մոտեցումները։
Նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2027 թվականից կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը։ Միաժամանակ շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության համակարգի թվայնացմանը, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրմանը և բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից