Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է այցը Սենեգալ և որոշել վերադառնալ Վարշավա՝ Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Նման պահին նախագահը պետք է Լեհաստանում լինի։ Ընդհատում եմ թռիչքը դեպի Սենեգալ։ Վերադառնում եմ»,- հայտնել է Նավրոցկին։
Հոկտեմբերի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին, Լեհաստանի Սահմանադրական դատարանի տարածքում ոստիկաններ են հայտնվել։
Մայրաքաղաքի ոստիկանության վարչությունից հայտնել են, որ իրավապահները օրենքով նախատեսված միջոցառումներ են իրականացնում՝ Սահմանադրական դատարանի դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկայից ստացված տեղեկության առնչությամբ։ Ոստիկանության տվյալներով՝ դատավորը նախազգուշացրել է դատավորների և հաստատության աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի, ինչպես նաև հասարակական կարգի խախտման վտանգի մասին։
Միաժամանակ ոստիկանությունը հերքել է Republika հեռուստաալիքի հաղորդումներն այն մասին, թե իրավապահները Սահմանադրական դատարանի անվտանգության աշխատակիցներին ուժով դուրս են բերել շենքից։ Ոստիկանությունն ընդգծել է, որ անվտանգության աշխատակիցների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իսկ ոստիկանները եղել են դատարանի տարածքում, բայց ոչ շենքի ներսում։
Միաժամանակ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարտլոմեյ Սոխանսկու ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին կարգադրության վերաբերյալ։
Վերջինս այս առնչությամբ նշել է, որ պետական հեղաշրջում է տեղի ունենում։
Միևնույն ժամանակ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցերում գրել է. «Իրավունքի գերակայության վերականգնումը մեր պարտքն է։ PiS («Իրավունք և արդարություն») կուսակցության հաստատած երկարամյա անօրինականությունից հետո սա բարդ, երբեմն ցավոտ գործընթաց է, որը վճռական գործողություններ է պահանջում։ Այլ ճանապարհ չկա»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից