Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ
Աշխարհ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 31-ին համազգային բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների վրա Մոլոտովի կոկտեյլով հարձակումը որակել է որպես սպանության փորձ, հաղորդում է Le Monde-ը։
Փարիզում հրկիզող խառնուրդը դիպել է շարժական ժանդարմերիայի ծառայողներից մեկին, ինչի հետևանքով նրա համազգեստը բռնկվել է։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով, նման հարձակումների հետևանքով տուժել է երեք իրավապահ։
Ազգային ժանդարմերիան X սոցիալական ցանցում հրապարակել է միջադեպի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է կրակը պատում ուժայինի ոտքերը։ Նունյեսը հայտարարել է, որ իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն՝ հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։
Բախումները տեղի են ունեցել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում՝ կյանքի թանկացման և պետական ծառայությունների վիճակի վատթարացման դեմ ցույցերի հերթական օրվա ավարտին։
Մայրաքաղաքում իրավիճակը սրվել է Պորտ դը Շարանտոնի մոտ, երբ անկարգությունների մասնակիցների խմբերը սկսել են ուժայինների ուղղությամբ տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզող խառնուրդներ նետել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ամբոխը ցրելու համար։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ։ Իշխանությունները ներգրավել են 70 հազար ոստիկանի և ժանդարմի։ Երթերի հիմնական մասն անցել է խաղաղ, սակայն երեկոյան մի քանի քաղաքներում բախումներ են տեղի ունեցել։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո