Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել
Աշխարհ
Իրանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ, հաղորդում է Mehr-ը։
Բացի այդ, բրիտանական MI6 հետախուզական ծառայությունը ստացել է «թշնամական խմբի» կարգավիճակ։ Որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի դեմ Լոնդոնի գործողությունների, ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ նոյեմբերի 1-ի հայտարարության մեջ։
Թեհրանը բրիտանական կառավարությանը մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին, այդ թվում՝ պետական ինքնիշխանությունը հարգելու և այլ երկրների դեմ ապօրինի միջոցներից հրաժարվելու սկզբունքներին հակասող թշնամական քաղաքականություն վարելու մեջ։
ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա և փոխադարձության սկզբունքի շրջանակում։ Պատճառների թվում նշվել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի ենթադրյալ մասնակցությունը, մասնավորապես՝ բրիտանական տարածքում գտնվող ռազմական և լոգիստիկ բազաներից օգտվելու հնարավորություն տրամադրելը, ինչպես նաև Լոնդոնի՝ 2026 թվականի հուլիսի 13-ի որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պետության համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություն ճանաչելու մասին՝ համաձայն State Threats Act 2026 օրենքի։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ MI6-ի նկատմամբ կկիրառվեն լրտեսության և երկրի ազգային անվտանգության ու շահերի դեմ Իսրայելի և թշնամական պետությունների հետ համագործակցության համար պատիժները խստացնելու մասին իրանական օրենքի դրույթները։
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերն իրենց հերթին ընկնում են ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան հակաքայլերի մասին իրանական օրենքի գործողության տակ։ Թեհրանը հայտարարել է, որ Լոնդոնը պատասխանատվություն է կրելու ընդունված որոշումների հետևանքների համար։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո