ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը
Աշխարհ
Ընկերությունները, որոնք արհեստական բանականության ներդրման նպատակով կրճատել էին աշխատակազմը, սկսել են հետ ընդունել աշխատանքից ազատված աշխատակիցներին՝ պարզելով, որ տեխնոլոգիաները չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, հայտնում է Associated Press-ը (AP)։
Կադրային ծառայություններ մատուցող Robert Half ընկերության տվյալներով, ֆինանսների, մարքեթինգի, իրավաբանության և առողջապահության ոլորտների գործատուները մի շարք դեպքերում կրկին թափուր հաստիքներ են հայտարարել այն պաշտոնների համար, որոնք վերացվել էին ԱԲ-ի ներդրման կամ ավտոմատացման հետևանքով։ Հիմնական պատճառներից են ալգորիթմների աշխատանքի նկատմամբ ավելի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը և աշխատակիցների կուտակած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները վերարտադրելու՝ տեխնոլոգիաների անկարողությունը։
«Երբ անհրաժեշտ են քննադատական մտածողություն, համագործակցություն, ստեղծարարություն և կազմակերպության առանձնահատկությունների իմացություն, ԱԲ-ն պարզապես չի կարող դա վերարտադրել», — հայտարարել է Robert Half-ի ավագ տարածաշրջանային նախագահ Բիլ Դրիսկոլը։
Որոշ ընկերություններ արդեն վերանայել են ավտոմատացման նկատմամբ իրենց մոտեցումը։ Շվեդական Klarna ֆինտեխ ընկերությունն անցյալ տարի վերսկսել է հաճախորդների աջակցության ծառայության աշխատակիցների հավաքագրումը այն բանից հետո, երբ դրա ղեկավար Սեբաստիան Սեմյատկովսկին խոստովանել է, որ ընկերությունը չափազանց հեռու է գնացել՝ ծախսերը կրճատելու համար ապավինելով չատբոտին։
Հունիսին Ford-ը հայտնել է, որ աշխատանքի է ընդունել կամ պաշտոնի բարձրացում է տվել 350 փորձառու ինժեների այն բանից հետո, երբ որակի վերահսկման համար ներդրված արհեստական բանականության գործիքները չեն ապահովել ակնկալվող արդյունքները։ Միաժամանակ ընկերությունում ընդգծել են, որ ԱԲ-ի և աշխատակիցների տեխնիկական փորձառության համադրությունն օգնում է բարելավել աշխատանքի որակը։
Փորձագետների խոսքով, ավտոմատացման ժամանակ հաճախ հաշվի չեն առնվում այն խնդիրները, որոնք աշխատակիցները լուծում են իրենց պաշտոնական պարտականություններից բացի՝ կոլեկտիվում վստահության պահպանումը, ոչ ստանդարտ իրավիճակների կարգավորումը և հաճախորդների հույզերի ըմբռնումը։ Մասնավորապես, չատբոտերի համար երբեմն դժվար է գնահատել բողոքի լրջությունը և ճիշտ մոտեցում գտնել զայրացած հաճախորդի նկատմամբ։
Այս միտումն արդեն անվանում են «ԱԲ-ի բումերանգ»․ ընկերությունները նախ ավտոմատացման նպատակով աշխատանքից ազատում են մարդկանց, իսկ հետո հետ են ընդունում նրանց՝ բացահայտելով տեխնոլոգիաների սահմանափակումները։
Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, որ նման որոշումները կարող են խաթարել աշխատակիցների վստահությունը գործատուի նկատմամբ։ Նրանց, ում առաջարկում են վերադառնալ, խորհուրդ է տրվում քննարկել վարձատրության պայմանները, լրացուցիչ ուսուցումը և զբաղվածության երաշխիքները։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան