Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Աշխարհ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահի ընտրությանը, եթե չկարողանա Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ փոխշահավետ առևտրային համաձայնագիր կնքել։ Նա նաև դժգոհություն է հայտնել Վաշինգտոնի գործողություններից և անօգուտ անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հարցում ԱՄՆ-ի անհետևողական քաղաքականությունը։
«Մենք ստիպված կլինենք սպասել, եթե դա անհրաժեշտ լինի», — ասել է Քարնին Մոնրեալում Politico-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, համաձայնագրի բացակայությունից կտուժեն ոչ միայն կանադական, այլև ամերիկյան ընտանիքներն ու ընկերությունները։ Վարչապետն ընդգծել է, որ մտադիր չէ ամեն գնով գործարք կնքել։
Վաշինգտոնի և Օտտավայի միջև բանակցությունները դանդաղ են առաջ ընթանում այն բանից հետո, երբ օգոստոսին Կանադան դուրս եկավ բանակցային գործընթացից։ Աշնանը երկու կողմերն էլ նոր մաքսատուրքեր սահմանեցին։ Առևտրային հակամարտությունը լրացուցիչ քաղաքական նշանակություն է ստանում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, որոնք կկայանան երեքշաբթի։ Ընտրությունների համար առանցքային նահանգների թվում են Միչիգանն ու Մենը, որոնց տնտեսությունը սերտորեն կապված է Կանադայի հետ առևտրի հետ։
Քարնին նաև հայտարարել է, որ կանադացիները հոգնել են ԱՄՆ-ի դիվանագիտական սադրանքներից։ Վերջին օրերին լարվածությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ Օտտավայում ԱՄՆ դեսպանատունը լրագրողների շրջանում տարածել է մի փաստաթուղթ՝ ԱՄՆ ընտրություններին կանադացի պաշտոնյաների հնարավոր միջամտության մասին մեղադրանքներով։ Քարնին չի հստակեցրել՝ արդյոք այդ հարցը քննարկել է Թրամփի հետ՝ նշելով, որ իրենց շփումներում հիմնական ուշադրությունը հատկացվում է առևտրին և միջազգային հակամարտություններին։
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ Կանադայի վարչապետը մտահոգություն է հայտնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին պաշտպանական միջոցների մատակարարման հարցում ամերիկյան մոտեցման փոփոխականության առնչությամբ։
«Դա չի օգնում», — հայտարարել է նա։
Քարնին այս հայտարարություններն արել է Մոնրեալում Կանադայի և Եվրոպական միության գագաթնաժողովի ավարտին։ Նա հանդես է գալիս եվրոպական երկրների հետ կապերի ամրապնդման օգտին, այդ թվում՝ առևտրի, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Միաժամանակ Կանադային ԵՄ ասոցացված մասնակցի հատուկ կարգավիճակ տրամադրելու առաջարկը եվրոպացի առաջնորդների շրջանում անհրաժեշտ աջակցություն չի ստացել։
Վարչապետը նաև հանդես է եկել արհեստական բանականության ոլորտում անվտանգության միջազգային երաշխիքների օգտին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական ընկերություններին հստակ կանոններ են անհրաժեշտ։ Ըստ նրա, ոլորտի համար արդյունավետորեն ինքնակարգավորվելը չափազանց դժվար է։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան