Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին
Աշխարհ
Ռուսաստանում և Ուկրաինայում արտակարգ իրավիճակների մասին ահազանգման համակարգերը կիբերհարձակումների են ենթարկվել, ինչի հետևանքով քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկվել. փոխանցում է BBC-ն։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ իր բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբերհարձակման»։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հարձակվողները հնարավորություն են ստացել հանրությանը կեղծ տեղեկատվություն տարածելու։ Այժմ աշխատանքներ են տարվում խոցելիությունը վերացնելու և հավելվածի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել է, որ հավելվածի խափանումը չի ազդել և չի կարող ազդել հանրային ահազանգման համակարգի աշխատանքի վրա։ Նշվել է, որ քաղաքացիներին վտանգների մասին տեղեկացնելու հիմնական միջոցներն են շչակները, բարձրախոսները, SMS հաղորդագրությունները, ինչպես նաև հեռուստատեսային և ռադիոհաղորդումները։ Բջջային հավելվածը միայն լրացուցիչ տեղեկատվական ծառայություն է։
Ուկրաինայում ևս կեղծ ահազանգեր են տարածվել։ Երկրի ռազմաօդային ուժերը Telegram-ի իրենց ալիքում հայտնել են, որ «Օդային տագնապ» հավելվածը, հավանաբար, հակառակորդի կողմից կոտրվել է՝ միաժամանակ ընդգծելով, որ ճառագայթման վտանգ չկա։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունն ավելի ուշ քաղաքացիներին հորդորել է ուշադրություն դարձնել բարձրախոսներով հեռարձակվող ահազանգերին և չբացել անհայտ աղբյուրներից ստացված հղումները։ Ծառայության փոխանցմամբ՝ ազգային նախազգուշացման համակարգը շարունակում է բնականոն գործել։
Ռուսաստանի և Ուկրաինայի համակարգերի վրա հարձակումների միջև հնարավոր կապի մասին տեղեկություններ դեռևս չկան։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան