Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը
Թուրքիա
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին ներկայացրել է «100 նահանգ, 1000 շրջան» նախագիծը՝ հրապարակելով նահանգի կարգավիճակ ստանալու հավակնություն ունեցող 19 շրջանների ցանկը. հայտնում է haberler.com-ը։
Նախագիծը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային զարգացմանը, բարեփոխել տեղական ինքնակառավարման համակարգը և բարձրացնել պետական ծառայությունների արդյունավետությունը։
Բահչելիի խոսքով՝ նոր վարչատարածքային կառուցվածքի ներդրումը թույլ կտա պետական ծառայությունները քաղաքացիներին մատուցել աշխարհագրորեն ավելի մոտ կենտրոններից։ Նրա գնահատմամբ՝ կբարելավվեն կրթության, առողջապահության, անվտանգության և սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը, ինչպես նաև կուժեղանա վարչական համակարգման գործընթացը։
Նախագծով նախատեսվում է ստեղծել 19 նոր նահանգ և 78 նոր շրջան։ Բահչելին նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է վերանայել տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը, հստակեցնել մեծ քաղաքների և շրջանների համայնքապետարանների լիազորությունները։
Նահանգի կարգավիճակ ստանալու հավակնություն ունեցող 19 շրջաններն են՝
-
Կենտրոնական Անատոլիա՝ Պոլաթլը, Քոնիայի Էրեղլին։
-
Սևծովյան տարածաշրջան՝ Ունյե, Վեզիրքյոփրյու, Զոնգուլդաքի Էրեղլին։
-
Արևելյան Անատոլիա՝ Էրջիշ, Դողուբայազըթ, Ահլաթ։
-
Հարավարևելյան Անատոլիա՝ Էրգանի, Միդյաթ, Սիվերեք։
-
Միջերկրածովյան տարածաշրջան՝ Էլբիստան, Քոզան, Ալանիա, Տարսուս։
-
Էգեյան տարածաշրջան՝ Ֆեթհիե, Աքհիսար։
-
Մարմարա՝ Լյուլեբուրգազ, Բանդըրմա։
Բահչելին նշել է, որ հրապարակված ցանկը վերջնական չէ, և հետագայում դրանում կարող են ընդգրկվել նաև այլ շրջաններ։ Որոշման կայացումը, նրա խոսքով, կախված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենսդրական կամքից։
Նախագծի իրականացման դեպքում կփոխվի նաև պատգամավորական մանդատների բաշխումը, ինչը, Բահչելիի գնահատմամբ, կընդլայնի քաղաքական ներկայացվածության հնարավորությունները։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան