Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ
Աշխարհ
Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Binance-ի օգտատերերը կիրակի օրը՝ հարթակի աշխատանքի վերականգնումից հետո, դուրս են բերել շուրջ 3.6 միլիարդ դոլարի ակտիվներ։ Սա տեղի է ունեցել բորսայի դեմ իրականացված՝ պատմության մեջ ամենախոշորներից համարվող կիբերհարձակումից հետո։
Միջադեպի հետևանքով տուժել են 6.3 միլիարդ դոլարի թվային ակտիվներ։ Հարձակման պատճառով ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր գործարքները։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և մի շարք այլ կառույցներ կիբերհարձակման պատասխանատու են համարում Հյուսիսային Կորեան։
Binance-ը հայտնել է, որ արդեն փոխհատուցել է հարձակման հետևանքով գողացված ակտիվների շուրջ 95 տոկոսը, իսկ մնացած միջոցների վերականգնումը կարող է ավելի երկար տևել։ Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ամբողջությամբ կփոխհատուցի միջադեպի հետևանքով առաջացած ֆինանսական վնասը։
Ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 1-ին՝ Գրինվիչի ժամանակով 06։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, մշակվել է 4.649 միլիարդ դոլարի դուրսբերման և 1.01 միլիարդ դոլարի մուտքագրման գործարք։ Արդյունքում զուտ արտահոսքը կազմել է շուրջ 3.64 միլիարդ դոլար։
Բորսայից նշել են, որ սկզբնական շրջանում դուրսբերումների կտրուկ աճ է գրանցվել, սակայն հետագայում այն նվազել է և աստիճանաբար կայունանում է։ Կիրակի օրվա զուտ արտահոսքը կազմել է ընկերության կառավարման ներքո գտնվող 171 միլիարդ դոլարի ակտիվների 2 տոկոսից մի փոքր ավելին։
Binance-ը հայտնել է նաև, որ վերականգնվել են ավելի քան երկու տասնյակ խոշոր կրիպտոարժույթների, այդ թվում՝ Bitcoin-ի և Ethereum-ի դուրսբերման գործարքները։ Մյուս ծառայությունները կվերագործարկվեն փուլ առ փուլ՝ անվտանգության լրացուցիչ ստուգումներից հետո։
Միևնույն ժամանակ, Chainalysis ընկերության տվյալներով՝ հարձակման ընթացքում գողացված միջոցների լվացումը շարունակվում է։ Ընկերության գլոբալ ծառայությունների ավագ մենեջեր Ալեք Զեբրիկը BBC-ին հայտնել է, որ հարձակվողները միջոցները փոխանցում են հազարավոր տարբեր կրիպտոդրամապանակների հասցեներով՝ փորձելով թաքցնել դրանց ծագումը։
Հարձակումը վերագրվում է TraderTraitor խմբավորմանը, որը հայտնի է նաև որպես Lazarus Group և կապվում է Հյուսիսային Կորեայի հետ։ Խմբավորումը 2025 թվականին գողացել էր ռեկորդային՝ 1.5 միլիարդ դոլար կրիպտոարժութային Bybit բորսայից։
Շաբաթ օրը ՀԴԲ-ն հրապարակել է խմբավորման հետ կապվող կրիպտոդրամապանակների հասցեների ցանկը՝ կոչ անելով ոլորտի ընկերություններին արգելափակել այդ հասցեների հետ կապված գործարքները։
Binance-ի նախնական ստուգումների համաձայն՝ կիբերհարձակումը կարող էր սկսվել ինժեներներից մեկին պատկանող համակարգչի կոտրումից, ինչի միջոցով հարձակվողները հնարավորություն են ստացել իրականացնելու չարտոնված գործարքներ։
Նշվում է, որ հարձակումը թիրախավորել է Binance-ի միջազգային՝ Binance.com հարթակը, մինչդեռ ԱՄՆ շուկայի համար նախատեսված ծառայությունը չի տուժել։
Ընկերությունը հայտնել է, որ հաճախորդների ակտիվները վերականգնել է մի քանի աղբյուրներից, այդ թվում՝ կորպորատիվ միջոցներից, ֆյուչերսների ապահովագրական ֆոնդից և արտակարգ պահուստներից։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան