Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ վերջին ակտիվ քարոզարշավն է իրականացնում՝ փորձելով պահպանել հանրապետականների մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում․ փոխանցում է BBC-ն։
Վերջին հանգստյան օրերին Թրամփը նախընտրական հանրահավաքներ է անցկացրել Ֆլորիդայում, Այովայում և Կանզասում, ինչպես նաև հեռախոսային քարոզարշավով աջակցել հանրապետական թեկնածուներին Միչիգանում, Օհայոյում և Փենսիլվանիայում։
Նախագահի քարոզարշավի հիմնական խնդիրներից մեկը եղել է ամերիկացիների դժգոհությունը մեղմելը՝ կապված կենսապահովման ծախսերի աճի հետ։ Վառելիքի, սննդամթերքի և առողջապահական ծառայությունների թանկացման ֆոնին Թրամփը փորձել է ուշադրությունը շեղել այդ խնդիրներից՝ քննադատելով դեմոկրատներին։
Նա հայտարարել է, որ դեմոկրատների իշխանության գալու դեպքում նրանք կբացեն սահմանները, կվնասեն ամերիկյան ընտանիքներին և կսահմանափակեն քաղաքացիների իրավունքները։
Մինչդեռ հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները կարող են Կոնգրեսում առնվազն մասնակի վերահսկողություն հաստատել։ NBC News-ի հրապարակած հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 52%-ը նախընտրում է դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսը, իսկ 45%-ը՝ հանրապետականներին։
Դեմոկրատների ներկայացուցիչների պալատի առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ վստահ է՝ իր կուսակցությունը կկարողանա մեծամասնություն ստանալ։ Նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես միացել է ընտրողներին ուղղված վերջին կոչերին։
Եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Կոնգրեսում, հնարավորություն կունենան ավելի ակտիվ վերահսկել Թրամփի վարչակազմի գործունեությունը, հետաքննություններ նախաձեռնել և խոչընդոտել նախագահի օրակարգի առաջմղմանը։
Հանրապետականները ներկայումս փոքր առավելություն ունեն Կոնգրեսի երկու պալատներում, և ընտրություններում դիրքերի կորուստը կարող է էապես սահմանափակել Թրամփի վարչակազմի օրենսդրական հնարավորությունները։
Միջանկյալ ընտրությունների արդյունքները դիտարկվում են նաև որպես ամերիկացիների վերաբերմունքի գնահատական Թրամփի նախագահության նկատմամբ։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան