Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետ
Աշխարհ
Ինդոնեզիայի Կալիմանտան, Պապուա և Սումատրա շրջաններում բռնկված անտառային հրդեհների ծուխը տարածվել է դեպի Սինգապուր և Մալայզիա՝ առաջացնելով առողջական և դիվանագիտական խնդիրներ։ BBC-ի փոխանցմամբ՝ թունավոր մշուշը վերջին շաբաթներին հանգեցրել է շնչառական խնդիրների և գլխացավերի։
Այս տարվա հրդեհները հատկապես դժվար է եղել վերահսկել՝ Էլ Նինյո կլիմայական երևույթի հետևանքով առաջացած երաշտի պատճառով։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ մշուշը հարևան երկրներում պահպանվում էր մի քանի օր, այս անգամ այն տևել է շաբաթներ։
Մալայզիայում քաղաքացիները սկսել են բոյկոտել ինդոնեզական ապրանքները, իսկ որոշ քաղաքական գործիչներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել հրդեհների հետ կապ ունեցող ընկերությունների նկատմամբ։ Սինգապուրում ևս դժգոհություն է առաջացել իշխանությունների արձագանքից։
Սինգապուրը հարյուրավոր ապաստարաններ է բացել մշուշից պաշտպանվելու համար, իսկ երեխաներին, տարեցներին և խոցելի խմբերին դիմակներ է տրամադրում։ Երկրի իշխանությունները նաև ուսումնասիրում են Ինդոնեզիայում հրդեհների հետ հնարավոր կապ ունեցող՝ Սինգապուրում գրանցված 10 ընկերությունների գործունեությունը։
Իրավիճակը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում։ Սինգապուրի արտգործնախարար Վիվիան Բալակրիշնանը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ մշուշի խնդրով զբաղվելու համար։
Միևնույն ժամանակ, Ինդոնեզիան հայտարարել է Սինգապուր գազի արտահանման կրճատման մասին՝ պատճառաբանելով ներքին էներգետիկ պահանջարկը։ Որոշ դիտորդներ այդ քայլը դիտարկել են որպես Սինգապուրի քննադատությանն ուղղված պատասխան։
Մալայզիան, ի տարբերություն Սինգապուրի, առայժմ խուսափում է կոշտ դիվանագիտական քայլերից և նախընտրում է խնդիրը լուծել բանակցությունների ու տարածաշրջանային համագործակցության միջոցով։
Անտառային հրդեհների և դրանց հետևանքով առաջացող մշուշի խնդիրը Հարավարևելյան Ասիայում պարբերական բնույթ ունի։ Դրա հիմնական պատճառներից է համարվում գյուղատնտեսական նպատակներով հողերի մաքրումը, այդ թվում՝ նավթային արմավենու տնկարկների ընդլայնման համար։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար