Փարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվել
Աշխարհ
Փարիզի դատարանը սնանկության պաշտպանության ընթացակարգ է սկսել ֆրանսիական հայտնի BHV Marais հանրախանութի նկատմամբ, որը շուրջ 170 տարի գործում է մայրաքաղաքի կենտրոնում։ Ընկերությունն ունի 660 աշխատակից և ֆինանսական դժվարությունների պատճառով դիմել էր դատարան՝ բիզնեսն ու աշխատատեղերը պահպանելու նպատակով։
Անցած տարի հանրախանութի հասույթը կազմել է 170.3 միլիոն եվրո, սակայն այն գրանցել է 1.85 միլիոն եվրոյի զուտ վնաս։ Դատարանի գնահատմամբ՝ ֆինանսական խնդիրները կապված են շրջանառության անկման, մեծ պարտավորությունների և տարածքի սեփականատիրոջ հետ վեճերի հետ։ Սնանկության պաշտպանության ընթացակարգը կտևի վեց ամիս՝ ևս վեց ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Հանրախանութը շարունակելու է գործել։
BHV-ն հայտնվել էր քննադատության կենտրոնում նաև չինական Shein արագ նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցության պատճառով։ Shein-ը հանրախանութում բացել էր իր առաջին մշտական խանութը Ֆրանսիայում, ինչն առաջացրել էր դժգոհություն՝ արագ նորաձևության բնապահպանական ազդեցության և ընկերության առցանց հարթակում մանկական արտաքինով սեռական տիկնիկների վաճառքի պատճառով։ Համագործակցությունը դադարեցվել էր այս տարվա հունիսին։
Հանրախանութի նոր սեփականատերերը պնդում են, որ շենքի սեփականատեր Brookfield ընկերությունը չի փոխանցել գործարքով նախատեսված գումարները, ինչն ազդել է վերակազմավորման ծրագրերի վրա։ Brookfield-ը հերքում է պարտք ունենալու մասին պնդումները։ Արհմիություններն էլ ցանկանում են օգտվել սնանկության պաշտպանության ընթացակարգից՝ նպաստելու ընկերության հնարավոր վաճառքին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար