Օգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ Զապորոժիեում
Արտակարգ Պատահար
Ուկրաինայի իշխանությունների հաղորդմամբ՝ Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում մարդասիրական օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ, ևս 5-ը վիրավորվել են, 48 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական ուժերը ավիառումբերով հարվածել են դպրոցի շենքին, որտեղ դասեր այլևս չեն անցկացվում, սակայն ամեն երկուշաբթի տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն է բաժանվում։ Շենքում նաև ապաստարան է գործել։ Զելենսկու պնդմամբ՝ առաջին հարվածից հետո, երբ մարդիկ պատսպարվել են ապաստարանում, դրան կրկին հարվածներ են հասցվել։
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ առաջին հարվածից հետո մարդիկ տեղափոխվել են ապաստարան, որից հետո դրա ուղղությամբ ևս 9 ավիառումբ է արձակվել։ Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել միջադեպը։
Միաժամանակ, ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովի բուժհաստատությանը, ինչի հետևանքով 62 մարդ է վիրավորվել, շուրջ 200 բուժառու տարհանվել է։ Դնեպրում հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։ Վնասվել են ամբուլատոր կենտրոնն ու հիվանդանոցը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք։ Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ դրանցից 124-ը թիրախավորել են մարզի նավթավերամշակման գործարանը։ Հարվածների հետևանքով վնասվել է ենթակառուցվածքը, հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավորվել է, վնասներ են կրել նաև բնակելի շենքեր։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար