Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին
Աշխարհ
Իսպանիայի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը ապամոնտաժել է Մադրիդի կենտրոնում՝ Պուերտա դել Սոլ հրապարակում, ավելի քան մեկ ամիս գործող վրանային ճամբարը, որը դարձել էր երկրում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի շարժման կենտրոնը։ Իշխանությունների տվյալներով՝ գործողության ընթացքում տարածքից հեռացվել է 334 մարդ, երկու հոգի ձերբակալվել է․ փոխանցում է France 24-ը։
Վրանային ճամբարը ստեղծվել էր սեպտեմբերին՝ 87-ամյա կնոջը Մադրիդի իր տնից վտարելուց հետո։ Դեպքը լայն դժգոհություն էր առաջացրել բնակարանների թանկացման և վարձակալների իրավունքների պաշտպանության բացակայության պատճառով։ Ճամբարը ժամանակի ընթացքում վերածվել էր փոքրիկ ավանի՝ ճաշարանով, բուժկետով և հանդիպումների տարածքով։ Նմանատիպ ճամբարներ էին ստեղծվել նաև Բարսելոնայում, Սևիլիայում և Վալենսիայում։
Ոստիկանության գործողությանը մասնակցել են շուրջ 400 ազգային և քաղաքային ոստիկաններ, հրշեջներ ու սոցիալական ծառայությունների աշխատակիցներ։ Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ տարածքի ազատումն անցել է առանց միջադեպերի և բռնության։ Սակայն բողոքի կազմակերպիչները պնդում են, որ ոստիկանությունը ուժ է կիրառել, արցունքաբեր գազ օգտագործել, ինչի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։
Բնակարանային ճգնաժամը դարձել է նաև քաղաքական լուրջ խնդիր։ Վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը փորձել է սահմանափակել վտարումները և ավտոմատ երկարաձգել վարձակալության պայմանագրերը, սակայն խորհրդարանը չի ընդունել առաջարկվող օրենքները։ Դրանից հետո Սանչեսը 2027 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունները տեղափոխել է նոյեմբերի 29։ Իսպանիայի Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ երկրում բնակարանների պակասը հասնում է շուրջ 700 հազարի, իսկ Մադրիդում վարձավճարները համեստ եկամուտ ունեցող ընտանիքների համար հաճախ գերազանցում են միջին աշխատավարձի կեսը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար