«Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին
Աշխարհ
Իսրայելում Գազայի և Լիբանանի պատերազմներին մասնակցած զինվորների շրջանում կտրուկ աճել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները։ Ավելի քան երեք տարի տևած ռազմական գործողություններից հետո բազմաթիվ զինծառայողներ բախվում են հոգեբանական ծանր հետևանքների։ France 24-ը զրուցել է զինվորների հետ, որոնք դժվարությամբ են հաղթահարում պատերազմի ապրումները։
29-ամյա նախկին զինծառայող Լիոր Տապիցերը պատմել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո միացել է իր ստորաբաժանմանը և մեկնել Գազայի սահմանամերձ բնակավայրեր։ Այնուհետև ամիսներ շարունակ մասնակցել է Գազայում մարտական գործողություններին։ Չորս ամիս անց նրա մոտ նյարդային ծանր խանգարում է առաջացել, ինչի հետևանքով նրան հեռացրել են առաջնագծից։ Ավելի ուշ նա ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի։ «Ես սպանեցի բազմաթիվ ահաբեկիչների, բայց դա ինձ ավելի լավ չզգացրեց։ Ընդհակառակը՝ ավելի վատ զգացի», — պատմել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունվարին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից բանակում հետտրավմատիկ խանգարումների դեպքերն աճել են 40 տոկոսով։ Պատերազմական վնասվածքների բուժում ստացած ավելի քան 22 հազար մարդկանցից 60 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով։ Քնեսեթի զեկույցի համաձայն՝ 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հուլիսը 279 զինծառայող փորձել է ինքնասպան լինել։ Անցած հուլիսին Իսրայելի խորհրդարանը մարտական տրավման պաշտոնապես ճանաչել է ծառայության հետ կապված հաշմանդամություն՝ զինվորներին պետական ֆինանսավորմամբ բուժօգնություն ստանալու հնարավորություն տալով։
Բժիշկներն ու հոգեբանները զգուշացնում են, որ հոգեկան առողջության ճգնաժամը կարող է խորանալ։ Աֆուլայի բժշկական կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Ալոն Ռեշեֆի խոսքով՝ հիվանդների հոսքն անընդհատ աճում է, իսկ դեպքերն ավելի բարդ են դառնում։ Հոգեբան Ռոնեն Սիդին ծանր հետտրավմատիկ խանգարումների բուժման նպատակով փորձարկում է նաև MDMA-ի կիրառումը՝ նշելով, որ նախնական արդյունքները դրական են։
Միևնույն ժամանակ, շարունակվող ծառայությունը ծանր բեռ է մնում պահեստազորայինների համար․ նրանցից ոմանք հոկտեմբերի 7-ից հետո ծառայել են մինչև 600 օր՝ տարեկան սովորական 15-20 օրվա փոխարեն։ 32-ամյա պահեստազորային Օրը, որը նույնպես դիմել է հետտրավմատիկ խանգարման բուժման համար, ասում է, որ այլևս չի ցանկանում պատերազմել։ «Ես հաճախ մտածում եմ, որ հասել եմ այն սահմանին, ինչին կարող եմ դիմանալ, բայց ինձնից միշտ ավելին են պահանջում», — պատմել է նա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար