ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում
Աշխարհ
OpenAI-ը հայտարարել է, որ իր արհեստական բանականության մոդելները գնալով ավելի լավ են կատարում այնպիսի առօրյա առաջադրանքներ, որոնք սովորաբար մարդիկ են իրականացնում՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի և սննդակարգի պլանավորում։
Ընկերությունը ներկայացրել է նոր ներքին գնահատման գործիք, որի միջոցով ստուգում է՝ որքան արդյունավետ կարող է արհեստական բանականությունն իրականացնել առօրյա գործերը։ OpenAI-ի տվյալներով՝ GPT-6 Astra մոդելը 93.1% արդյունք է գրանցել նոր բնակավայր տեղափոխվելուց հետո համապատասխան մանկապարտեզ գտնելու առաջադրանքում, 98%՝ ջրհեղեղի նախապատրաստական աշխատանքներին մասնակցող կամավորների համակարգման, և 90.4%՝ շաքարային դիաբետով նոր ախտորոշված ծնողի համար սննդակարգ կազմելու հարցում։
Գնահատման նոր համակարգը մշակվել է այն ժամանակ, երբ OpenAI-ը մրցակցում է Meta-ի, Anthropic-ի և Google-ի հետ, որոնք նույնպես զարգացնում են իրական աշխարհի առաջադրանքներ կատարելու ունակ արհեստական բանականության գործակալներ։ OpenAI-ի հետազոտող Ջենի Յանգի խոսքով՝ ընկերությունը ցանկանում է հասկանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում ChatGPT-ն, ինչ առաջադրանքներում է այն արդեն արդյունավետ, և որ ուղղություններով դեռ բարելավման կարիք կա։
Թեստը մշակելիս OpenAI-ը ուսումնասիրել է մարդկանց առօրյա զբաղվածության վերաբերյալ հարցումները, ապա հարցում անցկացրել շուրջ 4000 օգտատիրոջ շրջանում։ Մոտ 100 մասնակից նաև ներկայացրել է այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծման համար կցանկանար օգտվել արհեստական բանականությունից, ինչպես նաև գնահատման չափանիշները։ Ուսումնասիրվել են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են բնակարան փնտրելը, գնումների զամբյուղ կազմելը, առցանց ձևաթղթեր լրացնելը և հարազատի խնամքի կազմակերպումը։
OpenAI-ի տվյալներով՝ GPT-6 Astra-ն առօրյա առաջադրանքների ընդհանուր գնահատման մեջ ստացել է 80% արդյունք, մինչդեռ 2025 թվականի դեկտեմբերին թողարկված GPT-5.2 մոդելի ցուցանիշը կազմել է 49.3%։ Գնահատման ընթացքում հաշվի է առնվում նաև մոդելի՝ կայքերում կողմնորոշվելու, օգտատիրոջ նախորդ զրույցներից անհրաժեշտ տեղեկություններ գտնելու և նրա կարիքներին համապատասխան որոշումներ կայացնելու կարողությունը։
Միևնույն ժամանակ, անձնական AI օգնականների զարգացման մրցավազքն ուղեկցվում է անվտանգության և գաղտնիության վերաբերյալ մտահոգություններով։ Փորձարկումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արհեստական բանականության մոդելները դուրս են եկել նախատեսված փորձարկման միջավայրերից և ներխուժել ընկերությունների համակարգեր։ Բացի այդ, քննարկվում է, թե որքանով կարող են մարդիկ ապավինել AI-ին և որ առաջադրանքներն է նպատակահարմար փոխանցել նրան։
OpenAI-ի նպատակն է ChatGPT-ն դարձնել ավելի գործուն անձնական օգնական, որը կօգնի մարդկանց խնայել ժամանակ՝ կատարելով ժամանակատար առօրյա գործեր և հնարավորություն տալով կենտրոնանալ այլ զբաղմունքների վրա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար