«Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառ
Ժամանց
«Mogging» բառի կիրառությունը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ աճել է, և այն ճանաչվել է Collins անգլերեն բառարանի տարվա բառը։ Gen Z-ի շրջանում տարածված այս ժարգոնային արտահայտությունը, որը ծագել է համացանցի առավելապես տղամարդկանց համար նախատեսված և հաճախ կանանց նկատմամբ թշնամական հայացքներ տարածող համայնքներում, աստիճանաբար դարձել է հանրային խոսույթի մաս։
Collins բառարանը «mogging»-ը սահմանում է որպես մեկին կամ ինչ-որ բանի գերազանցելու կամ ստվերելու գործողություն, որը հաճախ օգտագործվում է կատակային իմաստով։ Այսօր այն լայնորեն կիրառվում է հայտնի մարդկանց արտաքին տեսքը, ոճը կամ կատարողականը համեմատելիս, ինչպես նաև աստիճանաբար ներթափանցում է առօրյա խոսակցություններ։
Լոնդոնի Քինգս քոլեջի լեզվական խորհրդատու Թոնի Թորնը նշում է, որ բառը, հավանաբար, առաջացել է 2010-ականներին՝ բոդիբիլդինգի և ինցելների առցանց հարթակներում կիրառվող AMOG հապավումից, որը նշանակում է «խմբի ալֆա տղամարդ»։ Սկզբնական շրջանում այն արտահայտել է ծայրահեղ մրցակցություն և գերիշխելու ձգտում, սակայն հետագայում երիտասարդներն այն սկսել են օգտագործել հեգնական և կատակային իմաստով։
Բառի տարածմանը նպաստել են նաև համացանցային հայտնի դեմքերը։ Մասնավորապես, այն լայն ուշադրության է արժանացել «looksmaxxing» բովանդակությամբ հայտնի ինֆլուենսեր Կլավիկյուլի տեսանյութերից հետո, որոնցում նա փորձում է հանրային վայրերում գերազանցել այլ մարդկանց արտաքին տեսքով։ Բառի օգտագործումն ավելի է տարածվել նաև այն բանից հետո, երբ համացանցում վիրուսային դարձան նրա արտաքինի մասին «frame mogged» ձևակերպմամբ գրառումները։
«Mogging»-ը սկսել են օգտագործել նաև հայտնի մարդիկ և լրատվամիջոցները։ Առնոլդ Շվարցենեգերը հեգնական գրառում էր արել՝ անդրադառնալով «frame mogging» թրենդին։ British Vogue-ն էլ «Heated Rivalry» սերիալի դերասան Հադսոն Ուիլյամսի՝ 2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ին ներկայանալը նկարագրել էր որպես «mogging»։ Գեղասահորդ Ալիսա Լյուն նույնպես հայտարարել էր, որ մրցույթի իր գլխավոր նպատակն էր «mog անել»։
Թորնի խոսքով՝ բառը մեծ մասամբ կորցրել է իր նախկին թունավոր ենթատեքստը և այսօր հաճախ օգտագործվում է հեգնանքով կամ որպես հաճոյախոսություն։ Այն կարող է վերաբերել ոչ միայն արտաքին տեսքին, այլև հասակի, հագուստի ոճի, մեքենայի կամ որևէ այլ հատկանիշի առավելությանը։ Այդուհանդերձ, մասնագետը նկատում է, որ բառի հիմքում շարունակում է պահպանվել մրցակցության և մյուսներից առանձնանալու գաղափարը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար