Մարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունը
Գիտություն և Մշակույթ
1957 թվականի նոյեմբերի 3-ին Խորհրդային Միությունը տիեզերք ուղարկեց Լայկա անունով շանը, որը դարձավ Երկրի ուղեծիր դուրս եկած առաջին կենդանի էակը։ Մոսկվայի փողոցներից վերցված թափառական շան թռիչքը նշանակալի իրադարձություն էր տիեզերագնացության պատմության մեջ, սակայն այն ավարտվեց ողբերգությամբ․ գրում է BBC-ն։
Գիտնականներն ի սկզբանե գիտեին, որ Լայկան Երկիր չի վերադառնալու․ այդ ժամանակ Խորհրդային Միությունը դեռ չուներ տիեզերանավը անվտանգ վերադարձնելու անհրաժեշտ տեխնոլոգիաները։ Շանը ընտրել էին ֆիզիկական դիմացկունության և դժվար պայմաններին հարմարվելու կարողության համար։ Տիեզերք ուղարկելուց առաջ նրան երկար ժամանակ վարժեցրել էին՝ փակ և ճնշման տակ գտնվող խցիկներում։
Թռիչքից տարիներ անց խորհրդային կողմը պնդում էր, թե Լայկան տիեզերքում ապրել է մի քանի օր։ Սակայն հետագայում պարզվեց, որ շունը մահացել է արձակումից ընդամենը 5-7 ժամ անց՝ սթրեսի և գերտաքացման հետևանքով։ Տիեզերանավի ջերմակարգավորման համակարգը պատշաճ չի աշխատել, ինչի հետևանքով խցիկում ջերմաստիճանը բարձրացել է։
Լայկայի մահը միջազգային բողոքի ալիք բարձրացրեց և հարցեր առաջացրեց կենդանիների՝ գիտական նպատակներով օգտագործման բարոյականության վերաբերյալ։ Հետագա տիեզերական ծրագրերում արդեն մեծ ուշադրություն դարձվեց կենդանիների անվտանգ վերադարձի հնարավորությանը։ 1960 թվականին Բելկան և Ստրելկան դարձան առաջին շները, որոնք հաջողությամբ կատարեցին ուղեծրային թռիչք և ողջ վերադարձան Երկիր։
Լայկան, չնայած ողբերգական ճակատագրին, դարձավ խորհրդային տիեզերագնացության խորհրդանիշ։ 2008 թվականին Մոսկվայում նրա հիշատակին հուշարձան է բացվել։ Տիեզերական ծրագրի ղեկավարներից Օլեգ Գազենկոն հետագայում խոստովանել է, որ ափսոսում է Լայկայի մահվան համար՝ նշելով, որ այդ զոհաբերությունը գիտական արդյունքներով արդարացված չէր։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար