«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել
Իրավունք
Իսպանիայի իրավապահ մարմինները պաշտոնական հետաքննություն են սկսել «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի մահվան դեպքով։ Ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 3-ին՝ խաղադաշտում ստացած ծանր վնասվածքից հետո։ Միջադեպի մասնակից «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյին սպառնում է նաև երկարատև որակազրկում։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Տեներիֆե»–«Անդորրա» հանդիպման վերջին րոպեներին։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Խաղի ընթացքում հյուրերի դարպասապահը կտրուկ դուրս է եկել դարպասից և ծնկով հարվածել Դե Միգելի կրծքավանդակին։ Մրցավարը միջադեպից անմիջապես հետո Օվոնոյին ցույց է տվել ուղիղ կարմիր քարտ։
Հարվածից հետո «Տեներիֆեի» հարձակվողը կորցրել է գիտակցությունը, նրա մոտ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ։ Ֆուտբոլիստին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կանարյան կղզիների Գերագույն դատարանի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ ոչ բնական պատճառներով յուրաքանչյուր մահվան դեպքով ինքնաբերաբար սկսվում է դատական և ոստիկանական քննություն։ Հետաքննիչները պետք է պարզեն խաղադաշտում տեղի ունեցած բախման բոլոր հանգամանքները։
Միաժամանակ Իսպանիայի ֆուտբոլային կարգապահական մարմինները քննարկում են «Անդորրայի» դարպասապահի նկատմամբ պատժամիջոցները։ Diario AS-ի տեղեկություններով՝ Օվոնոյին սպառնում է 8-12 խաղով որակազրկում։ Այդ պատժամիջոցը կարող է կիրառվել՝ անկախ քրեական հետաքննության ընթացքից։
Խեսուս դե Միգելը «Տեներիֆեի» կազմում հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար