Անկարան չի ընդունում ԵՄ քննադատությունները
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի ընդլայնման փաթեթի զեկույցում երկրի հասցեին հնչեցված քննադատությունները՝ դրանք որակելով կողմնակալ և անարդար։
Անկարայում հայտարարել են, որ չեն ընդունում զեկույցում տեղ գտած, իրենց բնորոշմամբ, անհիմն պնդումները, հատկապես՝ քաղաքական չափանիշների, դատական համակարգի և հիմնարար իրավունքների վերաբերյալ։ Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ ԵՄ որոշ ներկայացուցիչների մոտեցումներն արտացոլում են կանխակալ վերաբերմունք և չեն համապատասխանում իրականությանը։
Թուրքական կողմը քննադատել է նաև Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումներին զեկույցում ցուցաբերված աջակցությունը՝ նշելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Եվրամիության սկզբունքներին։ Անկարայի պնդմամբ՝ ԵՄ-ն չի կարող նպաստել Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ անվերապահորեն աջակցելով հունական կողմին։
Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է նաև Արևելյան Միջերկրականին վերաբերող գնահատականները՝ դրանք համարելով միջազգային իրավունքին և արդարության սկզբունքներին հակասող։ Անկարան առանձին առարկել է նաև Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված հուշագրի իրավական ուժը կասկածի տակ դնելու փորձերին։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ զեկույցում դրական գնահատականներ են տրվել երկրի տնտեսական և դրամավարկային քաղաքականությանը։
Անկարան ընդգծել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ առևտրի, մատակարարման շղթաների, տրանսպորտի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Թուրքիայի ԱԳՆ-ի համոզմամբ՝ երկկողմ հարաբերությունները պետք է կառուցվեն երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, փոխադարձ վստահության, համագործակցության, արդարության և իրավական շրջանակի հիման վրա, այլ ոչ թե նեղ քաղաքական հաշվարկներով։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է