Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում
Աշխարհ
Եմենի հութի ապստամբների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ հինգշաբթի օրը որսացել և ոչնչացրել է Մեդինայի շրջանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։ Մեդինան իսլամի սրբագույն քաղաքներից մեկն է։
Կոալիցիայի խոսնակ Թուրք ալ-Մալքին X սոցիալական ցանցում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռը, որն արձակվել էր, ըստ նրա, հութիների կողմից։
Հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե առաջ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը նախազգուշացում էր տարածել՝ Յանբու ռազմավարական նավահանգստի հարակից տարածքում հնարավոր վտանգի մասին։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք երկու իրադարձությունները փոխկապակցված են։
Հութիները բազմիցս հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի դեմ իրենց գործողությունների ընթացքում չեն թիրախավորի Մեքքան և Մեդինան։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին նրանք բազմիցս հարվածներ են հասցրել թագավորության օդանավակայաններին, էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական օբյեկտներին և Յանբու նավահանգստին։
Կարմիր ծովի ափին գտնվող Յանբուն Արևելք-Արևմուտք նավթամուղի վերջնակետն է։ Այդ խողովակաշարը հնարավորություն է տալիս Սաուդյան Արաբիային նավթն արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո նավահանգիստն ու խողովակաշարը կարևոր դեր են խաղացել համաշխարհային շուկաներ հում նավթի և վառելիքի մատակարարման գործում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է