Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվել է «18 արդարների» գործով դատական նիստը։
Դատարանի որոշմամբ՝ գործով անցնող ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը։
Հանրային մեղադրողը միջնորդել է պահպանել ընտրված խափանման միջոցը՝ դրա ժամկետի հարցը թողնելով դատարանի հայեցողությանը։
Ի պատասխան՝ Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ արդեն մեկ տարի և չորս ամիս է՝ ինքն ու Բագրատ Սրբազանը գտնվում են կալանքի մեջ, իսկ մյուս 16 անձինք՝ տարբեր ժամանակահատվածներում։
«Շատ դեպքեր են եղել, ասել ենք՝ այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում։ Սա փնթի կարված գործ է։ Ես իմ փաստաբաններին խնդրել եմ և խնդրում եմ միջնորդություն չանել, քանի որ այս դահլիճում արդարադատություն չկա։ Ոչ թե հոգնել ենք, այլ հասկացել ենք, որ այստեղ արդարադատություն չկա, և կարիք չկա մեր թանկ ժամանակն ու խոսքերն այստեղ օգտագործել։
Միջնորդում եմ՝ միանգամից մեկ տարով երկարաձգեք, որպեսզի ամեն անգամ ապօրինի որոշում կայացնելիս ո՛չ մեղադրողն իրեն վատ զգա, ո՛չ էլ դուք»,- դիմելով դատավորին՝ ասել է Արթուր Սարգսյանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշել է, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության փոփոխության հիմքեր չկան, իսկ դատավարությանը խոչընդոտելու ռիսկերը պահպանվում են և չեն նվազել։ Այդ հիմքով դատարանը որոշել է տնային կալանքի ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ընտրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս գումարման ԱԺ-ն նրան պատգամավորական անձեռնմխելիությունից չի զրկել։ Միևնույն ժամանակ, դատարանը շարունակում է նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ հաշվի առնելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը նախկինում տվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է