Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել
Աշխարհ
Գերմանիայի Բոխում քաղաքում վնասազերծել են բրիտանական արտադրության 250 կիլոգրամանոց ավիառումբ, որը հայտնաբերվել էր գերեզմանատանը՝ նոր գերեզման փորելու ժամանակ։ Գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ է եղել տարհանել շուրջ հազար բնակչի և ժամանակավորապես փակել A40 ավտոմայրուղին։
Ինչպես հայտնել են Բոխումի քաղաքապետարանից, հարվածային պայթուցիչով ռումբը հայտնաբերվել է նոյեմբերի 4-ին՝ Վատենշայդ-Վեստենֆելդ թաղամասի Վեստենֆելդեր-շտրասե փողոցում գտնվող ավետարանական գերեզմանատանը։ Այն հայտնաբերել են գերեզմանատան աշխատակիցները՝ գերեզման փորելիս։
Գործողությանը մասնակցել է 137 մարդ՝ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցներ, սակրավորներ, քաղաքային ծառայությունների և օգնության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարհանման գոտին ստուգելու համար անօդաչու թռչող սարք է օգտագործվել։
Մոտակա շենքերի ու տների շուրջ հազար բնակիչ ստիպված է եղել շտապ լքել իր բնակարանը կամ առանձնատունը։ Մարիա Սիբիլա Մերիանի անվան հանրակրթական դպրոցում բացված ժամանակավոր տեղավորման կետն ընդունել է 156 մարդու։ Քաղաքային հատուկ թեժ գիծն օրվա ընթացքում պատասխանել է տարհանման, ճանապարհների փակման և զինամթերքի վնասազերծման վերաբերյալ շուրջ 62 զանգի։
Ռումբը հաջողությամբ վնասազերծելուց հետո սակրավորները ստիպված են եղել առանձին պայթեցնել դրա պայթուցիչը։ Քաղաքում պայթյունի ձայն է լսվել։ Աշխատանքների ավարտից հետո սահմանափակումները հանվել են։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է