Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը
Գիտություն և Մշակույթ
Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները նախատեսվում է 2027 թվականին սկսել ուսանողական կացարաններից։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում, ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության և գիտության ոլորտների առաջիկա ծրագրերը։
Նրա խոսքով՝ առաջին փուլում դրանք նախատեսված կլինեն 3600 ուսանողի համար և հնարավորություն կտան կացության պայմաններ ապահովել մինչև քաղաքի ամբողջական ենթակառուցվածքի գործարկումը։
«Մենք նախատեսում ենք արդեն գալիք տարի մեկնարկել կառուցման աշխատանքները և սկսելու ենք ուսանողական կացարաններից։ Դրանք պլանավորված են 3600 ուսանողների համար՝ առաջին փուլում։ Այս պահին կացարաններից մեկնարկելը բոլորովին պատահական չէ։ Սա հնարավորություն կտա մինչև Ակադեմիական քաղաքի ամբողջական ենթակառուցվածքի հասանելիությունը կացարանները հասանելի դարձնել հենց այսօրվա մեր ուսանողներին»,- ասել է նախարարը։
Անդրեասյանը նշել է, որ բնակարանային խնդիրը բազմաթիվ ուսանողների համար սոցիալական լուրջ դժվարություն է՝ հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ կացարաններից շինարարությունն սկսելը ուսանողների համար կստեղծի այդ խնդիրը կարգավորելու ավելի մատչելի հնարավորություններ։
Զուգահեռաբար շարունակվում են տեխնոլոգիական կլաստերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ոռոգման համակարգի ու էլեկտրական ցանցի ստեղծման աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ որոշ ուղղություններով արդեն պայմանագրեր են կնքվել։
Բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում հանրային քննարկման են ներկայացվել ուսանողների կրթաթոշակային համակարգի և բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգերի նախագծերը։
«Որևէ ուսանող, որն ունի բավարար առաջադիմություն, չպիտի դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով։ Կրթաթոշակային համակարգի նախագիծը, որը դրված է քննարկման, ըստ էության հենց այս սկզբունքներն է արտացոլում»,- ընդգծել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգն ամփոփում է ընդունելության, ուսումնական գործընթացի և բուհերի ամենօրյա աշխատանքի հիմնական հարցերը։ Նա գնահատել է, որ բուհական բարեփոխումները մտնում են վճռորոշ փուլ։
Անդրեասյանն անդրադարձել է նաև մասնագիտական կրթությանը՝ հայտնելով, որ 2026–2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել 16 հազար 738 ուսանող՝ 2021 թվականի համեմատ 32 տոկոսով ավելի։ Ընդհանուր առմամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47 հազար ուսանող։
Նա հիշեցրել է, որ արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ուղղություններով պետությունը տրամադրում է ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ։ Նախարարի ներկայացմամբ՝ այդ գերակա ուղղություններում ուսանողների թիվը գրեթե եռապատկվում է:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է