ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները
Աշխարհ
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության համոզիչ հաղթանակից հետո համաշխարհային ֆինանսական շուկաներում անկում է արձանագրվել։ Reuters-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը նվազել են ֆոնդային ինդեքսները, թուլացել է նաև դոլարը։
Ներդրողները մտավախություն ունեն, որ դեմոկրատների հաջողությունը կարող է խոչընդոտել արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ տվյալների կենտրոնների կառուցմանը և ստիպել տեխնոլոգիական ընկերություններին կրճատել ծախսերը։
Սկսվել է հատկապես արհեստական բանականության ոլորտի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի վաճառք։ S&P 500-ի ֆյուչերսները նվազել են 0.6%-ով, իսկ Nasdaq-ի ֆյուչերսները՝ ավելի քան 2%-ով։ Հետագայում անկումը որոշ չափով մեղմվել է, սակայն ցուցանիշները շարունակել են մնալ բացասական գոտում։ Եվրոպական ֆյուչերսները նվազել են 1.4%-ով, իսկ ԱՄՆ դոլարը զգալիորեն թուլացել է։
Ասիայում անկում է գրանցվել չիպեր արտադրող Samsung, SK Hynix և TSMC ընկերությունների բաժնետոմսերի գներում։ Ճապոնական Nikkei ինդեքսը նվազել է 3%-ով՝ հասնելով վերջին հինգ ամսվա նվազագույն մակարդակին։ Անկման վրա էական ազդեցություն է ունեցել նաև SoftBank ընկերության բաժնետոմսերի արժեզրկումը։
TD Securities-ի ներկայացուցիչ Պրաշանտ Նյունահան նշել է, որ դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել տեխնոլոգիական ընկերությունների և արհեստական բանականության ոլորտի նկատմամբ կարգավորող մարմինների ավելի խիստ վերահսկողության, ինչպես նաև մեծացնել քաղաքական փակուղու հավանականությունը։
Ընտրությունների արդյունքները լուրջ հարված են դարձել Դոնալդ Թրամփի և հանրապետականների համար։ Ըստ հրապարակման՝ դեմոկրատները հաղթանակներ են տարել նաև այն ընտրատարածքներում, որոնք տարիներ շարունակ համարվել են հանրապետականների հուսալի հենակետեր։ Քաղաքական այս տեղաշարժն անակնկալի է բերել բազմաթիվ ներդրողների։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է