Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը
Հասարակություն
Իսպանիայի հարավ-արևելքում հուլիսին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացի։ Զոհերի հարազատները պահանջում են հանրային հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչու բնակիչները ժամանակին չեն զգուշացվել մոտեցող վտանգի մասին։
Հրդեհը բռնկվել էր Ալմերիա նահանգի Բեդար բնակավայրում։ Զոհվածների ընտանիքների խոսքով՝ իշխանությունները հրաժարվել են բջջային հեռախոսներին արտակարգ ահազանգ ուղարկել, թեև կրակը մոտենում էր տներին։ Նրանք պնդում են, որ շատ բնակիչներ այդպես էլ հստակ հրահանգներ չեն ստացել՝ ինչպես փրկվել։
«Եթե տարհանման մասին նախազգուշացումը ժամանակին հասներ, հայրս այսօր ողջ կլիներ», — ասել է Դունկան Չարդը, որը հրդեհի հետևանքով կորցրել է հորը՝ Մայքլին, և նրա զուգընկերուհուն՝ Քրիստինին։
Անդալուսիայի խորհրդարանում իշխող Ժողովրդական կուսակցությունը և «Վոքս»-ը մերժել են ընդդիմության՝ հետաքննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ արդեն ընթացող քրեական քննությունը բավարար պատասխաններ կտա։ Սակայն ընտանիքները կարծում են, որ անհրաժեշտ է նաև անկախ հանրային քննություն։
Իշխանությունները որոշումը բացատրել են նրանով, որ զանգվածային ահազանգը հնարավոր չէր ուղարկել միայն վտանգված համայնքներին, իսկ ընդհանուր ծանուցումը կարող էր խուճապ և խցանումներ առաջացնել։ Զոհերի հարազատները հակադարձում են, որ մարդկանց զգուշացնելու այլ միջոցներ ևս կային՝ ոստիկանության մեքենաներով շրջելուց մինչև բնակիչներին անձամբ տեղեկացնելը։
Ընտանիքները դժգոհ են նաև զոհերի անձնական իրերի և մնացորդների հետ կապված ոստիկանության աշխատանքից։ Զոհված Փիթ և Ֆրան Գիլամների դուստրը՝ Դանի Գիլամ-Քիրթոնը, պատմել է, որ ծնողների այրված մեքենայում հրդեհից մեկ ամիս անց հայտնաբերել է ոսկորների նմանվող բեկորներ, ինչպես նաև նրանց հեռախոսները, զարդերն ու այլ իրեր։ Ոստիկանությունը հետագայում հայտնել է, որ բեկորները կենդանու ոսկորներ են, սակայն ընտանիքը կասկածի տակ է դնում այդ եզրակացությունը։
Հրդեհի պատճառների վերաբերյալ քրեական հետաքննությունը շարունակվում է։ Նախնական վարկածով՝ կրակը կարող էր բռնկվել ընկած էլեկտրահաղորդման լարի պատճառով։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հրաժարվել են ընդդիմությանը տրամադրել հրդեհի վերաբերյալ պաշտոնական զեկույցները՝ պատճառաբանելով, որ գործի նյութերը գաղտնի են։
Զոհերի հարազատները Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Իսպանիայում միավորվել են՝ իրավական պայքար սկսելու համար։ Նրանք նպատակ ունեն հավաքել 100 հազար եվրո, որից մինչ այժմ հավաքվել է շուրջ 11 հազարը։ Ընտանիքները պահանջում են պարզել՝ ինչն է սխալ եղել, որպեսզի նման ողբերգություն այլևս չկրկնվի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է