Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալով
Սպորտ
Քրիշտիանու Ռոնալդուի միջազգային կարիերան ավարտվեց Լիոնել Մեսիի կարիերայի ավարտից էապես տարբերվող հանգամանքներում։ Եթե Արգենտինայի հավաքականի ավագը հեռացավ՝ իր երկրի հետ նվաճելով խոշոր տիտղոսներ, ապա Ռոնալդուի հրաժեշտը Պորտուգալիայի հավաքականին ուղեկցվեց մարզչի հետ կոնֆլիկտով. գրում է Associated Press-ը։
41-ամյա Ռոնալդուն հինգշաբթի տեսաուղերձով հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Դրանից առաջ նա վիճաբանել էր Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ, ինչի հետևանքով լքել էր հավաքականը։ Ավելի ուշ ֆուտբոլիստը տուգանվել և որակազրկվել էր։ Թեև պատժամիջոցները հիմնականում խորհրդանշական էին՝ տուգանքը կազմել էր 285 դոլար, դրանք ստվերեցին նրա կարիերայի ավարտը։
Ռոնալդուի վերջին տարիների ելույթները հաճախ քննարկումների առիթ էին դառնում։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում նա կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, իսկ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում չէր կարողացել գոլ խփել։ Այս տարվա աշխարհի առաջնությունում նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել վեց տարբեր մրցաշարերում, սակայն Պորտուգալիայի հավաքականում նրա դերի շուրջ քննարկումները շարունակվել են։
Ի տարբերություն Ռոնալդուի՝ 39-ամյա Մեսին իր միջազգային կարիերայի վերջին փուլում ևս բարձր արդյունքներ է գրանցել։ Նա Արգենտինայի հետ հասել է աշխարհի առաջնության երկու եզրափակիչների, նվաճել աշխարհի գավաթը 2022 թվականին և Կոպա Ամերիկան՝ 2024-ին։ Այս տարվա աշխարհի առաջնությունում Մեսին խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում՝ ցուցանիշով զիջելով միայն Կիլիան Մբապեին։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և խփել ռեկորդային 146 գոլ։ Նա թիմի հետ նվաճել է երեք խոշոր տիտղոս՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունն ու Ազգերի լիգայի երկու խաղարկություն։ Մեսիի հաշվին Արգենտինայի հավաքականում 208 խաղում խփած 126 գոլ է և երեք խոշոր տիտղոս։ Երկուսն էլ ավելի քան երկու տասնամյակ եղել են իրենց երկրների ֆուտբոլային խորհրդանիշները։
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան Մեսիի համար արդեն կազմակերպել է հրաժեշտի հանդիպում, իսկ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մտադիր է նմանատիպ միջոցառում կազմակերպել Ռոնալդուի պատվին։ Թեև նրանց միջազգային կարիերան ավարտված է, ակումբային ելույթները շարունակվում են։ Ռոնալդուի առջև դեռ մեկ նշանակալի նպատակ կա՝ կարիերայի ընթացքում խփել 1000-րդ գոլը․ այս պահին նրա հաշվին 985 գոլ է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է