Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»
Գիտություն և Մշակույթ
1976 թվականին էկրան բարձրացած «Ռոքի» ֆիլմը անհայտ և գրեթե անապահով դերասան Սիլվեստր Ստալոնեին մեկ գիշերում դարձրեց Հոլիվուդի աստղ։ Ֆիլմի ստեղծման պատմությունը ներկայացվում է նաև «I Play Rocky» նոր ֆիլմում, որը պատմում է, թե ինչպես մերժումներն ու անհաջողությունները Ստալոնեին դրդեցին ստեղծել կինոյի ամենահայտնի հերոսներից մեկին։
1970-ականների սկզբին Ստալոնեն դժվարություններ էր ունենում դերեր գտնելու հարցում։ Նա ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, ժամանակավորապես անօթևան էր և ստիպված էր ծանր աշխատանք կատարել՝ ապրուստը հոգալու համար։ Ծննդյան ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով նրա դեմքի մի մասը կաթվածահար էր, ինչը նաև խոսքի դժվարություններ էր առաջացրել։ Դերասանական կարիերայում առաջընթաց չունենալով՝ նա որոշեց ինքնուրույն գրել սցենարներ։
«Ռոքիի» պատմությունը Ստալոնեն գրել է ընդամենը երեք օրում։ Գլխավոր հերոս Ռոքի Բալբոան՝ անհայտ բռնցքամարտիկը, հնարավորություն է ստանում մենամարտել աշխարհի չեմպիոն Ապոլլո Քրիդի հետ՝ չնայած հաղթելու գրեթե զրոյական շանսերին։ Ստալոնեն հերոսի մեջ ներառել էր նաև սեփական կյանքի փորձը՝ մերժված լինելու և հնարավորություններին հասնելու պայքարը։
Սցենարը գնելու ցանկություն ունեցող United Artists ստուդիան պատրաստ էր Ստալոնեին ավելի մեծ գումարներ առաջարկել, եթե նա համաձայնվեր գլխավոր դերը զիջել այն ժամանակվա հայտնի դերասաններից մեկին։ Սակայն Ստալոնեն պնդել է, որ Ռոքիին պետք է հենց ինքը մարմնավորի։ Չնայած ֆինանսական ծանր վիճակին՝ նա հրաժարվել է սցենարը վաճառել առանց գլխավոր դերը ստանձնելու հնարավորության։ Ի վերջո, ֆիլմը նկարահանվել է մոտ 1 միլիոն դոլար բյուջեով՝ ընդամենը 28 օրում։
Սկզբում ստուդիան մեծ վստահություն չի ունեցել ֆիլմի նկատմամբ, սակայն հանդիսատեսի արձագանքը փոխել է իրավիճակը։ «Ռոքին» ստացել է «Օսկարի» 10 անվանակարգ և արժանացել երեք մրցանակի, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար։ Ստալոնեն առաջադրվել է լավագույն դերասանի և լավագույն օրիգինալ սցենարի անվանակարգերում։ Ֆիլմը հետագայում վերածվել է մի ամբողջ կինոշարքի և հիմք դարձել նաև «Քրիդ» հաջողված նախագծերի համար։
Կինոքննադատների կարծիքով՝ «Ռոքիի» հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ հերոսը պարտադիր չէ հաղթի, որպեսզի հանդիսատեսը նրան ընկալելու որպես հաղթող։ Նրա համառությունն ու չհանձնվելու պատրաստակամությունը դարձել են ֆիլմի գլխավոր ուղերձը։ «I Play Rocky» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Էնթոնի Իպոլիտոն, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Հյուսիսային Ամերիկայում կինոթատրոններ է դուրս եկել 2026 թվականի նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է