Իսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտում
Աշխարհ
ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց են տվել Իսրայելի նկատմամբ ամերիկյան աջակցության նվազումը։ Ընդամենը 24 ժամվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու հնարավորության մասին, Իսրայելի կոշտ քննադատներից մեկը հաղթել է Սենատի ընտրություններում, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հանրապետական կուսակցության պարտության պատճառների թվում նշել է նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իրանի դեմ համատեղ պատերազմը խորացրել են ԱՄՆ քաղաքական դաշտում Իսրայելի շուրջ առկա տարաձայնությունները։ Եթե նախկինում Իսրայելը վայելում էր երկու հիմնական կուսակցությունների լայն աջակցությունը, ապա այժմ դեմոկրատների շրջանում աճում է քննադատությունը, իսկ հանրապետականների մի մասը ևս ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում։
Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում առաջարկել է դադարեցնել Իսրայելին տարեկան շուրջ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք նրա հայտարարությունն արտացոլում է վարչակազմի պաշտոնական քաղաքականությունը, թե ընտրությունների նախօրեին հնչեցված դիրքորոշում էր։ Սպիտակ տունը մեկնաբանություն չի ներկայացրել։
Վենսը ընտրություններից հետո սոցիալական ցանցերում հրապարակված գրառմամբ նշել է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Նրա խոսքով՝ կուսակցությանը ընտրողների աջակցությունը վերադարձնելու համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, կենտրոնանալ կենսապահովման ծախսերի և գնաճի վրա, առաջնահերթություն տալ ԱՄՆ շահերին և փոխել Իսրայելի հետ հարաբերությունները։
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ Իսրայելին տրամադրել է միլիարդավոր դոլարների օգնություն և առաջադեմ սպառազինություն։ Փորձագետների գնահատմամբ՝ ռազմական աջակցության դադարեցումը լուրջ փոփոխություն կլինի երկու երկրների հարաբերություններում։ Իսրայելը ստիպված կլինի ինքնուրույն ֆինանսավորել ամերիկյան արտադրության զենքերի գնումը՝ վարկերի կամ հարկերի բարձրացման միջոցով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա տասը տարում ցանկանում է աստիճանաբար նվազեցնել երկրի կախվածությունն ամերիկյան ռազմական օգնությունից և անցնել ավելի հավասարակշռված գործընկերության։ Միևնույն ժամանակ, Իսրայելում ընդդիմադիր ուժերը նրան մեղադրում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։
Associated Press-ը նշում է, որ անգամ Իսրայելում նոր կառավարության ձևավորման դեպքում Վաշինգտոնի հետ տարաձայնությունները կարող են պահպանվել։ Ամերիկացի ընտրողների դժգոհությունը կապված է ոչ միայն Գազայի պատերազմի, այլև Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման և միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների շուրջ մտահոգությունների հետ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է