30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում
Հասարակություն
Թոքերի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից երեք շաբաթ անց Հռոմի պապ Լևոն XIV-ը սկսել է 12-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի երեք երկրներում։ Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, նա ժամանել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում և պատրաստ է ուղևորությանը․ փոխանցում է Associated Press-ը։
71-ամյա պապը Հռոմից 13,5 ժամ տևած թռիչքից հետո ժամանել է Ուրուգվայ, որտեղ նրան դիմավորել է շուրջ 30 հազար մարդ։ Նա բաց պապական մեքենայով անցել է քաղաքի փողոցներով, ապա մասնակցել պաշտոնական ընդունելությանն ու հանդիպել երկրի նախագահ Յամանդու Օրսիի և կառավարության ներկայացուցիչների հետ։
Օրսիի հետ հանդիպման ժամանակ Լևոն XIV-ը գովաբանել է Ուրուգվայի զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով երկրի կաթոլիկ ժառանգության կարևորությունը։ Նա խոսել է պետության՝ քաղաքացիների, հատկապես երիտասարդների և տարեցների նկատմամբ հոգատարության պարտավորության մասին։ Պապի ելույթում անդրադարձ է եղել նաև կյանքի արժանապատվությանն ու մինչև բնական ավարտը անհրաժեշտ խնամք ստանալու իրավունքին։ Սա դիտարկվել է որպես ակնարկ Ուրուգվայում աբորտի և օժանդակ մահվան օրինականացման վերաբերյալ՝ կաթոլիկ եկեղեցու դիրքորոշման համատեքստում։
Ուրուգվայը համարվում է Լատինական Ամերիկայի ամենաաշխարհիկ երկիրը։ Չնայած տարածաշրջանում ապրում է աշխարհի կաթոլիկների շուրջ 40 տոկոսը, Ուրուգվայում կաթոլիկների միայն փոքր մասն է պարբերաբար մասնակցում պատարագների։ Երկիրը օրինականացրել է աբորտը, միասեռ ամուսնությունները և հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործումը, իսկ վերջերս դարձել է տարածաշրջանի առաջին պետությունը, որն ընդունել է օժանդակ մահվան մասին օրենք։
Պապի այցը տեղի է ունենում նրա առողջական վիճակի նկատմամբ ուշադրության պայմաններում։ Հոկտեմբերի 13-ին նա վիրահատվել էր՝ աջ թոքից քաղցկեղային ուռուցքը հեռացնելու նպատակով։ Լրագրողների հետ զրույցում Լևոն XIV-ը իր արագ ապաքինումը վերագրել է Աստծուն, բժիշկներին ու վիրաբույժներին, ինչպես նաև առողջ ապրելակերպին։ Հարցին՝ արդյոք իրեն այնքան լավ է զգում, որքան արտաքինից է երևում, նա կատակով պատասխանել է՝ գուցե նույնիսկ ավելի լավ։
Ուրուգվայից հետո Հռոմի պապը կայցելի Արգենտինա, ապա՝ Պերու, որտեղ շուրջ երկու տասնամյակ ծառայել է որպես միսիոներ եպիսկոպոս։ Ուրուգվայ վերջին անգամ Հռոմի պապ էր այցելել 1988 թվականին․ դա արել էր Հովհաննես Պողոս II-ը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է