Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ
Ժամանց
Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի «Britney» երրորդ ստուդիական ալբոմի թողարկման 25-ամյակի առթիվ ներկայացվել է դրա ընդլայնված տարբերակը՝ ներառելով հինգ նախկինում չհրապարակված երգ։ Հավաքածուն թողարկել է Legacy Recordings ընկերությունը։ Այն ներառում է նաև երկու ռեմիքս․ գրում է Associated Press-ը։
2001 թվականին թողարկված «Britney» ալբոմը Սփիրսի կարիերայի կարևոր շրջադարձերից էր։ Այդ ժամանակ 19-ամյա երգչուհին արդեն համաշխարհային ճանաչում ուներ, իսկ նոր ալբոմով փորձում էր անցում կատարել դեռահասների փոփից դեպի ավելի հասուն երաժշտական կերպար։ Ալբոմը թողարկումից երկու ամսից էլ պակաս ժամանակում դարձել էր քառակի պլատինե։
Նոր հավաքածուի հինգ արխիվային երգերից առանձնանում է «She'll Never Be Me»-ն, որի համահեղինակն ու կատարողներից մեկը երգչուհու նախկին զուգընկեր Ջասթին Թիմբերլեյքն է։ Երգը նոր նշանակություն է ստանում Սփիրսի 2023 թվականի ինքնակենսագրական գրքի ֆոնին, որտեղ նա պատմել էր իրենց հարաբերությունների, հղիության, աբորտի և բաժանման մասին։
Հավաքածուում ներառված մյուս չհրապարակված երգերն են «Am I A Sinner», «Right Now (Taste the Victory)», «When I Say So» և «My Big Secret»։ Դրանց երաժշտական ոճերը տարբեր են՝ դանդաղ կատարումներից ու լատինական փոփ ռիթմերից մինչև ավելի արտահայտված էլեկտրոնային հնչողություն։
Սփիրսի համար վերջին տարիները նշանավորվել են նաև անձնական կյանքի կարևոր փոփոխություններով։ 2021 թվականին նա ազատվել է շուրջ 14 տարի գործող դատական խնամակալությունից, որը վերահսկում էր նրա կյանքն ու ֆինանսները։ 2024 թվականին երգչուհին հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ երաժշտական արդյունաբերություն, իսկ այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ վաճառել է իր երաժշտական կատալոգի իրավունքները Primary Wave ընկերությանը։
Ալբոմի 25-ամյակի թողարկումը հնարավորություն է տալիս վերադառնալ Սփիրսի կարիերայի այն շրջանին, երբ նա դեռահաս աստղից վերածվում էր չափահաս փոփ կատարողի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է