ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանը
Գիտություն և Մշակույթ
Այսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով։
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7–22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10 000 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները։
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով։ Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է