Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Քաղաքական
Դեկտեմբերի 1-ին Բրատիսլավայում նախատեսվում է անցկացնել «Հայաստանի ապագան․ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի՝ նոյեմբերի 6-ի հայտարարության մեջ, որը ստորագրել է կազմակերպության նախագահ Աշոտ Գրիգորյանը։
Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել փորձագետների, քաղաքական ուժերի և սփյուռքի կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները, ինքնիշխանությունը, քաղաքական կայունությունն ու Հարավային Կովկասի անվտանգությունը։
Քննարկումների առանցքում կլինեն Հայաստանի եվրոպական և եվրասիական կապերը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և միաժամանակ զարգացնում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։
Ֆորումը նաև կոչ է անում Հայաստանի ընդդիմադիր ուժերին հաղթահարել ներքին տարաձայնությունները և ձևավորել ընդհանուր քաղաքական հարթակ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար։
Հայտարարությունում կարևորվում է սփյուռքի առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի զարգացմանը՝ ներդրումների, մասնագիտական փորձի, գիտական ներուժի և գործարար կապերի միջոցով։ Առաջնահերթությունների թվում նշվում են արդյունաբերությունը, գիտությունը, կրթությունն ու մշակութային ժառանգության պահպանումը։
Առանձին ընդգծվում է Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմական, հոգևոր և ազգային ինքնության պահպանման գործում։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու պատրաստակամություն արդեն հայտնել են ընդդիմադիր կուսակցությունների, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է