Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ Ֆիզուլիի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը երկիր է ժամանել «Հաղթանակի օրվա» տոնակատարությանը մասնակցելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էրդողանն Ադրբեջան է այցելել Ալիևի հրավերով։ Նա ժամանել է տիկնոջ հետ։
Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, հաղորդակցության հարցերով տնօրեն Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և թյուրքական պետությունների հետ կապերի բաժնի ղեկավար Քյուրշադ Զորլուն, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը։
Այցի գլխավոր իրադարձությունը կլինեն նոյեմբերի 8-ին կայանալիք միջոցառումները՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացմանը։
Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային արդիական հարցերը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում Էրդողանը կայցելի նաև օկուպացված Արցախ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է