Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո
Աշխարհ
Ալբանիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Տիրանայի կենտրոնում բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու համար այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր և դյուրավառ խառնուրդով շշեր նետել իրավապահների ու կառավարական շենքերի ուղղությամբ, հայտնում է Radio Televizioni Shqiptar-ը։
Դեպքի վայրից ստացվող հաղորդումների համաձայն, բախումները սրվել են մայրաքաղաքի գլխավոր՝ «Ազգի նահատակներ» պողոտայում։ Քարերից բացի, ակցիայի մասնակիցներն օգտագործել են ճայթուկներ և Մոլոտովի կոկտեյլներ՝ դրանք նետելով վարչապետի նստավայրի մոտ տեղակայված ոստիկանական շղթայի ուղղությամբ։
Իրավապահները պատասխանել են բարձր ճնշման ջրաշիթերով՝ փորձելով մարել հրդեհի օջախները, հետ մղել ցուցարարներին և նրանց պահել անվտանգ հեռավորության վրա։ Ոստիկանության միջամտությունից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել է բախումների էպիկենտրոնից։ Կառավարության շենքից մինչև Լանա գետի կամուրջն ընկած հատվածը, դեպքի վայրից ստացվող հաղորդումների համաձայն, դատարկվել է։
Ավելի վաղ ցուցարարները Կրթության նախարարության մոտ անցկացված ակցիայից հետո տեղափոխվել էին «Ազգի նահատակներ» պողոտա։ Այնտեղ ցուցարարների առանձին խմբեր, այդ թվում՝ դիմակավորված անձինք, քարեր էին նետում իրավապահների ուղղությամբ։ Հաղորդվում էր, որ բախումները դրվագային բնույթ էին կրում, իսկ մասնակիցների մեծ մասը մնում էր Լանայի կամրջի շրջակայքում։
Այդ օրը Տիրանայում անցկացվում էր երկու առանձին ակցիա՝ ուսանողական ցույց և Ալբանիայի դեմոկրատական կուսակցության կազմակերպած հանրահավաք։ Կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիան սկսել էին վարչապետի նստավայրի մոտ, ապա շարժվել դեպի Կրթության նախարարություն՝ ակնկալելով միանալ ուսանողներին։
Սակայն ուսանողները դեմ էին արտահայտվել քաղաքական գործիչների մասնակցությանը և պահանջել, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հեռանան իրենց ակցիայի անցկացման վայրից։ Նրանք ընդգծել էին, որ հանդես են գալիս քաղաքական ուժերից անկախ։ Մի քանի րոպե տևած բանավեճից հետո իրավիճակը հանդարտվել էր, և ուսանողները շարունակել էին ցույցը։
Ամբոխը ցրելուց հետո ոստիկանությունն ուժեղացրել է ներկայությունը գլխավոր պողոտայում՝ ներգրավելով լրացուցիչ ուժեր և երկու ջրցան մեքենա՝ ցուցարարների կրկին հավաքվելը կանխելու համար։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է