Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համաձայնել է երեքշաբթի օրը հրավիրել Ներգաղթի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ ժամանող միգրանտների թվի կտրուկ աճի և Էլ Հիերո կղզու վրա ավելացող ծանրաբեռնվածության ֆոնին։ Այս մասին հայտնել է Կանարյան կղզիների կառավարության ղեկավար Ֆեռնանդո Կլավիխոն, փոխանցում է Euronews-ը։
Ըստ Կլավիխոյի, ինքը Սանչեսին տեղեկացրել է կղզում ճգնաժամի ծավալների և տեղի բնակիչների աճող դժգոհության մասին։ Էլ Հիերո կղզու խորհուրդը սոցիալական բնույթի արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ վերջին հինգ շաբաթվա ընթացքում ավելի քան 8 հազար միգրանտի ժամանումից հետո։
Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով, նոյեմբերի 1-ից 6-ը Կանարյան կղզիներ է ժամանել 49 նավակ՝ 4587 միգրանտով։ Դրանցից 35-ը հասել է Էլ Հիերո, որտեղ տեղական ենթակառուցվածքների և ռեսուրսների վրա ծանրաբեռնվածությունը, իշխանությունների գնահատմամբ, դարձել է չափազանց մեծ։
Կլավիխոն հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանություններն արդեն մի քանի ամիս է՝ ձգտում են հասնել լրացուցիչ ռեսուրսների հատկացմանը, ավելի արդյունավետ պլանավորմանը և խնդրի լուծմանն ուղղված՝ Իսպանիայի կառավարության համաձայնեցված գործողություններին։
«Այս հանդիպման արդյունքում երկու կառավարություններն ու համապատասխան նախարարությունները պետք է համաձայնեցնեն գործողությունների համատեղ ծրագիր՝ կոնկրետ միջոցառումներով, պատասխանատու կատարողներով և իրականացման ժամկետներով։ Մենք չենք կարող շարունակել գործել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը վատթարանում է», — սոցիալական ցանցերում գրել է Կանարյան կղզիների կառավարության ղեկավարը։
Բացի այդ, Կլավիխոն շտապ բանակցություններ է խնդրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ։
Նա նշել է, որ Կանարյան կղզիները չեն կարող շարունակել գործնականում միայնակ հաղթահարել մի իրավիճակ, որը պահանջում է ինչպես Իսպանիայի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ Եվրոպական միության մասնակցությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է